Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել թիրախավորված, վճռական փուլ․ Արտակ Զեյնալյան

Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ, հայտարարել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

Երևանում «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով հակակոռուպցիոն աշխատաժողովին արդարադատության նախարարն ընդգծել է, որ ՀՀ  կառավարությունը քաջ գիտակցում է կոռուպցիայի վտանգավորությունը և անդառնալի ազդեցությունը իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության զարգացման վրա:

«Մենք բոլորս գործնականում ականատես ենք եղել կոռուպցիայի ազդեցությանը մեր տնտեսության, ժողովրդագրական պատկերի վրա: Ուստի, հարկ եմ համարում ազդարարել, որ կոռուպցիայի դեմ պայքարն այսուհետ թևակոխում է նոր՝ առավել թիրախավորված, վճռական փուլ: Ընդ որում, ժողովրդավարության վերելքի և հանրային իշխանության նկատմամբ հասարակության վստահության աննախադեպ բարձր մակարդակի այս փուլում հավասարապես կարևորվում է բոլոր կողմերի, այն է՝ պետական իշխանության բոլոր օղակների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարար ոլորտի, միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների ջանքերի մեկտեղումն՝ ուղղված ընդհանուր նպատակը կյանքի կոչելուն»,-ասել է Արտակ Զեյնալյանը:

Այս համատեքստում, արդարադատության նախարարը նաև ընդգծել է, որ բոլորը պետք է զրոյական հանդուրժողականություն դրսևորեն կոռուպցիոն երևույթների նկատմամբ, ինչպես որ անհանդուրժող եղել են այլ բացասական երևույթների նկատմամբ:

«Երկրում տեղի ունեցած փոփոխությունը պետք է իրականացվի և դրսևորվի բոլորիս վարքագծի մեջ»,- հավելել է Զեյնալյանը: