Կարո Փայլանի դեմ՝ տխրահռչակ 301-րդ հոդվածը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ հետաքննություն է սկսվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Արդարադատության նախարարությունը հաստատել է ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության պահանջը և թույլատրել նրան դատել 301-րդ հոդվածի շրջանակում, որն է՝ հրապարակային կերպով «վիրավորել (անարգել) թուրք ազգը, թուրքական պետականությունը, Թուրքիայի Հանրապետության կառավարությունը»:

Ինչպես սկսվեց

Կարո Փայլանի դեմ 2017թ․ մայիսի 16-ին դատական հայց էր ներկայացրել Գիրեսունի համալսարանի նախկին ռեկտոր, պատմաբան Այգյուն Աթթարը: Վերջինս ադրբեջանցի է, ծնվել է նախկին Կուբաթլուում՝ արտալղիմյան մի տարածք, որն այժմ Որոտան անվամբ Արցախի Հանրապետության մաս է կազմում: Սովորել է Բաքվի պետական համալսարանում, իսկ Ադրբեջանի անկախությունից հետո տեղափոխվել Թուրքիա: Ինչպես կարելի է եզրակացնել թուրք-ադրբեջանական տարատեսակ ֆորումներին նրա մասնակցությունից, արդեն Թուրքիայի քաղաքացի Այգյուն Աթթարը կապը չի խզել Ադրբեջանի հետ: 2012թ․ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հրամանով նշանակվել է Գիրեսունի համալսարանի ռեկտոր: Դատարան ներկայացրած հայցում նա բողոքել է Թուրքիայի խորհրդարանում 2017թ․ հունվարի 14-ին Կարոյի ելույթի և նույն տարվա մայիսին Կանադայի Horizon Weekly թերթին տված հարցազրույցների դեմ:

Ինչ էր ասել Կարո Փայլանը

Թուրքիայի մեջլիսում 2017թ․ հունվարի 17-ի իր ըմբոստ կեցվածքով հայտնի Փայլանն ասել էր. «Ժամանակին մենք 40 տոկոս էինք կազմում: Հիմա հազարից մեկն ենք: Ենթադրաբար, մեզ հետ ինչ-որ բան է պատահել. ես այն ցեղասպանություն եմ կոչում: Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է իր հետ պատահել: Ինքս շատ լավ գիտեմ, թե ժամանակին ինչ է պատահել իմ պապի ու հոր հետ: Ուրեմն, եկե՛ք տեղի ունեցածին դո՛ւք անուն տվեք»:

Իսկ Horizon Weekly-ին տված հարցազրույցում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ Ստամբուլից ընտրված պատգամավորը նշել էր. «Թուրքիան ցեասպանություն է գործել, ու այդ ցեղասպանությունը դեռ շարունակվում է»:

Ինչ է սահմանում 301-րդ հոդվածը

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը թեև 2008թ․ որոշ փոփոխությունների ենթարկվեց՝ մեղմելով որոշ սահմանվող պատիժներ, սակայն շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնողներին պատժելու յուրահատուկ գործիք: Պատահական չէ, որ այս հոդվածով քրեական գործ է հարուցվել «Ակօս» թերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքի, թուրք հայտնի գրող Օրհան Փամուքի, պատմաբան Թաներ Աքչամի ու հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուի դեմ:

2008թ․ օրենսդրական փոփոփություններից հետո «թուրք ազգին վիրավորելու համար» նախատեսված է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում: Նման ժամկետը պայմանական ազատազրկման հնարավորություն է տալիս:

Աննկուն Կարոն

Կարոն չի պատրաստվում նահանջել: «Ակօս»-ին տված հարցազրույցում քրդամետ կուսակցության հայազգի պատգամավորն ասել է. «Ընտանիքիս ու ժողովրդիս պատուհասած մեծ աղետը ես միշտ որակել եմ ցեղասպանություն: Որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր՝ պահանջել եմ հայ ժողովրդի դեմ պետական հրահանգով իրականացված հանցագործությունը խորհրդարանում քննել ու տեղի ունեցածին անուն տալ: Ես չեմ վիրավորում թուրք ժողովրդին, ինչպես ասվում է 301-րդ հոդվածում, ես թիրախավորել եմ ցեղասպանության ժամանակի խունտային և ցեղասպանական մտածողությունը: Ցավոք, Թուրքիան վերադառնում է հին սովորություններին: Անցյալին առերեսվելու պահանջները ճնշելու փորձ է արվում: Սակայն պետք է իմանան դատախազներն ու 301-րդ հոդվածով ինձ դատելու հնարավորություն տված կառավարությունը, որ չեն կարող ինձ ստիպել դույզն-ինչ նահանջել թե՛ ներկայի ու թե՛ անցյալի համար մղվող արդարության իմ պայքարից»:

Այս համատեքստում ուշագրավ է Եվրախորհրդարանի՝ Թուրքիայի հարցով զեկուցող Քեթի Փիրիի հայտարարությունը. «Եթե ընտրված պատգամավորը չի կարողանում արտահայտել, այն ինչ մտածում է, ինչպե՞ս դա կարող է անել շարքային քաղաքացին»:

Գոռ Երանյան

Մեկնաբանել