42 տարեկան եմ, ու իմ երազանքը կատարվում է բանտում. Մհեր Ենոքյան

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 22 տարի անազատության մեջ է, մայիսի 18-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պաշտպանեց իր դիպլոմային աշխատանքը։ Նա ուսանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ Մասնագիտական ավարտական թեզի պաշտպանության ժամանակ գնահատող հանձնաժողովը նրան բարձր միավոր շնորհեց՝ 77 բալ։ Ենոքյանը պետական քննություններից ստացել է 80 և 85 միավորներ։ Հանձնաժողովի նախագահ Անատոլի Բարաբաշը որոշումը հրապարակելիս ասաց, որ բանտի ներսում նման աշխատանք կատարելը վկայում է անձի մեծ կամքի ուժի մասին։ Սա Հայաստանում առաջին դեպքն է, երբ ցմահ դատապարտյալը դառնում է իրավաբան։

Մհեր Ենոքյանի դիպլոմային աշխատանքը վերաբերում է հենց իր խնդրին՝ այն վերնագրված է «Ուժի մեջ մտած դատավճիռների վերանայումը. տեսական և պրակտիկ խնդիրները»։

Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

Ենոքյանն ասում է, որ 22 տարի պայքարել է արդարության համար։ Նա պնդում է՝ սպանության մեջ մեղավոր չէ։ Ցմահ դատապարտյալը երկու անգամ փախուստի է դիմել բանտից, ինչպես նաև երեք անգամ միջնորդել է Վճռաբեկ դատարանին վերաբացելու իր գործը, սակայն մերժվել է։

«Վերջին մերժումից հետո ես հայտնվեցի փակուղում, չէի տեսնում՝ ելքը որն է, բայց մեր համաժողովրդաական պայքարն իմ մեջ հույս առաջացրեց, ես հեռուստացույցով հետևում էի այս ողջ պայքարին, խցում գոռում էի, ասում էի՝ մաղալ բերեք, խորոված անեմ ու տոնեմ մայիսի 8-ը»,- ասում է ցմահ դատապարտյալը։

Ըստ նրա՝ շատերը վստահ են, թե իրենց խնդիրն առաջնահերթ է, ու Նիկոլ Փաշինյանը պետք հրատապ լուծում տա, սակայն ինքը այլ կարծիքի է. «Պետք մի փոքր համբերատար լինենք ու սատար կանգնենք Նիկոլ Փաշինյանին»։

Ենոքյանի խոսքով՝ դատական համակարգը տառապում է անսխալականության բարդույթով։ Նա այս հարցում համոզվել է սեփական փորձով։

Մեկնաբանել