Բաքուն հերքում է ինժեներական աշխատանքների մասին լուրը և դարձյալ մեղադրում Հայաստանին

Ղարաբաղյան հակամարտությունը «միայն խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան զավթողական քաղաքականության կոծկում և լիակատար անհեթեթություն»․ այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում ադրբեջանցի զինծառայող է զոհվել։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ «հանդիպումներ անցկացնելու փոխարեն Հայաստանի արտաքին գործերի նախարարը Արցախ այցելությամբ խրախուսում է լարված իրավիճակն ու սադրանքները»։

Մայիսի 18-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այդ ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանը նույն օրը Ստեփանակերտում ընդունել է նաև Հայաստանի նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին։ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն այցելել են Նախիջևանի սահմանային գոտի։

Երեկ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ «նպատակ ունենալով բարելավել դիրքերը»։ Ադրբեջանը հերքում է այդ տեղեկությունը։

Երեկ՝ ավելի ուշ, լուր է ստացվել այն մասին, որ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Համլետ Նորայրի Գրիգորյանը: