Հայաստանում էներգիայի հիմնական աղբյուրը պետք է լինեն արևը, քամին և ջուրը․ Պետրոս Թերզյան

Ֆրանսիական Petrostrategies ընկերության նախագահ, էներգետիկ հարցերի գիտակ Պետրոս Թերզյանը տեսակապի միջոցով մասնակցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայացած քննարկմանը, որը կրել է «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագիրը։ [Քննարկմանը տեսակապի միջոցով միացել էին նաև Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։] Թերզյանի հետ զրուցել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Զրույցը թարգմանաբար՝ ստորև։

– Ձեզ կուղղեմ մի հարց, որը հիմնաքարային է [Հայաստանի] ապագա քաղաքական և տնտեսական զարգացման համար։ Դա էներգիայի խնդիրն է, որն ակնհայտորեն ունի և՛ անվտանգային, և՛ տնտեսական նշանակություն։ Դուք այդ ոլորտի փորձագետն եք։ Ի՞նչ ուղղությամբ պետք է մտածի Հայաստանի կառավարությունը, երբ խոսքը ապագա զարգացման մասին է։

– Էներգիան տնտեսության կենտրոնական հիմնասյունն է։ Այն նաև քաղաքական անվտանգության կարևոր տարր է։ Եթե խոսում ենք Հայաստանի մասին, որը ծով ելք չունեցող, թշնամական հարևաններով երկիր է՝ Ադրբեջան և Թուրքիա, մենք պետք է նախագծենք էներգետիկ մի համակարգ, որը միաժամանակ պետք է լինի անկախ, տեղային, մաքուր և հնարավորինս էժան ու քիչ ծախսատար։ Ներկայիս էներգետիկ համակարգը հիմնականում հենված է ատոմային էներգիայի վրա, մենք ունենք հին ատոմակայան, և կառավարությունը նախատեսում է այն շահագործել մինչև 2027թ․, որն իսկապես առավելագույն ժամկետն է։ Որքան ես գիտեմ, սրան այլընտրանքներ չկան, և մենք ուշացել ենք, որովհետև բավական ժամանակ չունենք։ Համակարգի մյուս մասը հենվում է հիդրոէներգիայի և բնական գազի կայանների վրա։

Ի՞նչ պետք է անել․ պետք է առավելագույնն օգտագործել Հայաստանում արևային ու քամու էներգիայի ներուժը։ Մենք ունենք քամու և արևի էներգիայի մեծ ներուժ։ Այս երկուսով մենք կարող ենք ստանալ պահանջվող էներգիան, որը տալիս է ատոմակայանը։ Մենք ատոմակայանի կարիքը չենք ունենա, եթե առավելագույնս զարգացնենք արևի և քամու էներգիան։ Միաժամանակ, կարող ենք կրկնապատկել հիդրոէներգիայի արտադրությունը և ջրային պաշարներն ավելի արդյունավետ օգտագործել։ Հայաստանում կա ջրի մեծաքանակ վատնում. ինչու՝ որովհետև խորհրդային ժամանակներում, երբ խնդիր էներգիայի էր լինում, լուծումը տրվում էր այն մատակարարելու, ոչ թե արդյունավետության սկզբունքի վրա։ Այսինքն, եթե ջրի կարիք կա՝ մատակարարման նոր աղբյուր եք ավելացնում, ոչ թե մտածում՝ ինչպես կարելի է ավելի արդյունավետ օգտագործել առկա ջրային պաշարները։ Սա պետք է փոխվի։

Մենք ջրի մեծ պաշարներ ունենք։ Եվ կարող ենք ունենալ թե՛ էներգիայի ստացման, թե՛ ոռոգման համար։ Ի վերջո, մեզ պետք են բնական գազի կայաններ՝ հավասարակշռելու համար։ Այսինքն, մեզ այնուամենայնիվ անհրաժեշտ է բնական գազ, սակայն էներգիայի հիմնական աղբյուրը պետք է լինի և կարող է լինել արևը, քամին և ջուրը։

– Ձեր ասածը համահունչ է Հայաստանում բնապահպան ակտիվիստների հնչեցրած տեսակետներին վերջին տարիների ընթացքում։ Ես օրերս Ձեր ասածները ասացի ընկերներիցս մեկին։ Նա հարցրեց՝ արդյոք հնարավո՞ր է, որ Հայաստանը ունենա բավականաչափ էներգա` ապավինելով միայն այդ երկու աղբյուրներին՝ ջրին ու արևին։ Արդյոք դա իրատեսակա՞ն է։

– Այո, իրատեսական է, դրան ավելացրած՝ բնական գազը, ինչպես ասացի, պահանջները հավասարակշռելու համար: Բնական գազը կօգտագործվի որպես Էլեկտրաէներգիայի հավելյալ աղբյուր։ Սակայն հիմնական աղբյուրները պետք է լինեն ջրի, արևի և քամու էներգիան։ Մենք ունենք հսկայական ներուժ։ Արևային և քամու էներգիայի ուղղությամբ ներդրում կատարելու մյուս առավելությունն այն է, որ դա շատ ճկուն ներդրում է։ Դրանք կարող են լինել շատ փոքրիկ ներդրումներ՝ սկսած 1000 դոլարից առանձին տների համար, մինչև 100-150 միլիոն և ավելի՝ էներգիա արտադրող խոշոր արևային կայանների համար։ Այսպիսով, սա նաև ճկունություն է տալիս, տալիս է անկախություն։ Սա էներգիայի անկախ, մաքուր աղբյուր է։

– Հայաստանում սա որևէ տեղ արվո՞ւմ է։

– Մեծածավալ՝ ոչ։ Վերականգնվող էներգիայի մասին օրենքն ընդունվեց ընդամենը երկու տարի առաջ։ Մենք շատ ենք ուշացել, նվազագույնը տասը-տասնհինգ տարի։ Սակայն կարող ենք դեռ իրականացնել, եթե մեծ ջանքեր գործադրենք։ Կարծում եմ՝ եթե իսկապես ամեն հնարավորն անենք այդ ոլորտում, ապա կարող ենք խուսափել նոր ատոմակայան կառուցելուց։ Ատոմայինը անցյալի էներգիա է, և բավական թանկարժեք։ Նոր ատոմակայան կառուցելու համար մեզ անհրաժեշտ կլինի վեց-յոթ միլիարդ դոլարի ներդրում նույնիսկ փոքր կամ միջին չափի ատոմակայանի համար։ Սա նշանակում է՝ մենք գրեթե կկրկնապատկենք Հայաստանի արտաքին պարտքը։ Հայաստանի տնտեսությունը դա չի կարող իրեն թույլ տալ։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել