Մեր ժողովրդի արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնել և հետ պտտել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում սկսված գործըթացը համահայկական բնույթ ունի․ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը տեսակապի միջոցով երեկ մասնակցեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտում կայացած «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» խորագրով քննարկմանը։

Փաշինյանն իր ելույթն սկսեց՝ նշելով, որ վերջին մեկ ասմվա ընթացքում հանդիպել է հայերի աշխարհի տարբեր երկրներից, և կարող է ասել, որ նրանք «նույնքան մաս են կազմում այս գործընթացի, որքան Հայաստանում բնակվողները»։

«Ես նա նշում եմ՝ ընդգծելու այս գործըթացի համահայկական բնույթը»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նրա խոսքով՝ սկսվածն իր համար առաջին հերթին «հայկական պետականության իմաստն ու նշանակությունը ճշգրտելու գործընթաց է»։

«Շատ երկար ժամանակ ինձ և շատերին մի հարց էր տանջում՝ ի վերջո ինչո՞ւ պետք է գոյություն ունենա Հայաստանի Հանրապետությունը»,- հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը։

Նա վկայակոչեց ՀՀ Սահմանադրության նախաբանը, որում նշված է՝ որպես հայկական պետության հիմնադիր հանդես է գալիս ժողովուրդը։

«Ոչ թե ՀՀ քաղաքացիները, ոչ թե սովետական Հայաստանի քաղաքացիները, այլ հայ ժողովուրդը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր»,- շարունակեց նա՝ հավելելով, որ հայկական պետության գոյության իմաստն իր համար հենց այս «հիմնաքարային փաստն է»։

«Ես համարում եմ, որ ՀՀ գոյութան իմաստը հետևյալն է՝ հայության տնտեսական, ֆինանասկան, գիտական ներուժը կամ նրա զգալի մասը իր տարածքում կենտրոնացնելը և այդ ներուժի անվտանգությունը և բնականոն զարգացումն ապահովելը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանը դարձնել պետություն, որը ծառայում է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն զարգացմանը

Վարչապետը շեշտեց, որ նոր իշխանության խնդիրն է՝ մեր ժողովրդի «արտագաղթի հազարամյա անիվը կանգնեցնել և հետ պտտել», «Հայաստանը դարձնել պետություն, որը ծառայում է հայության ներուժի պահպանմանը և նրա բնականոն զարգացմանը»։

Սրա համար, ըստ Փաշինյանի, մի կարևոր նախապայման կա՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին «իրոք պետք է լինի բարձրագույն իշխանություն»։

«ՀՀ քաղաքաքին պետք է որոշի, թե ով լինի իր իշխանությունը և ով պետք է դադարի իշխանություն լինելուց»,- ասաց նա՝ հավելելով, որ սա է քաղաքական այս գործընթացի ամենակարևոր նպատակը և առանձնահատկությունը, որը, սակայն, «ամբողջական ծրագիր չէ Հայաստանի ապագայի մասին»։

«Պարոն վարչապետ, Դուք բոլորից լավ գիտեք, որ Հայաստանում և Սփյուռքում ակնկալիքները չափազանց շատ են։ Եվ բոլորը՝ քաղաքացի կամ ոչ, ձգտելու են հասկանալ Ձեր գերակայությունները և այն ուղին, որով մտադիր եք շարժվել առաջ։ Կօգնե՞ք մեզ հասկանալ դա»,- վարչապետին հարց ուղղեց Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտի տնօրեն Սալբի Ղազարյանը։

Ի պատասխան՝ Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանի՝ «սխալ ճանապարհով գնալու գործընթացը» սկսվել է այն պահից, երբ սկսել են կեղծվել ընտրությունները․ «Մեզ համար առաջնահերթություն է հաստատել ազատ, արդար, ժողովրդավարական ընտրությունների իսնտիտուտ, որպեսզի որևէ ընտրության արդյունք կասկածի տակ չդրվի որևէ մեկի կողմից»։

Միևնույն ժամանակ, ըստ Փաշինյանի, ազատ, արդար ընտրություններով մարդիկ կարող են ոչ միայն ինչ-որ քաղաքական ուժի բերել իշխանության, այլ նաև ազատ, արդար ընտրություններով այդ ուժին հեռացնել իշխանությունից։

«Ինչո՞ւ եմ ես այս հարցին առավելություն տալիս։ Որովհետև մեր ճգնաժամը սկսվել և խորացել է ընտրությունների արդյունքները կեղծելու արատավոր պրակտիկայի ներդրումից և, անկեղծ ասած, սա համարում եմ մեր կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը՝ դառնալ ժողովրդի ինստիտուցիոնալ իշխանության երաշխավորը»,- հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը։

Իսկական քաղաքացիական և ազգային զարթոնք է

Սալբի Ղազարյանի հարցին, թե ինչպե՞ս է պահպանվելու քաղաքացու ներգրավվածությունը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ վերոնշյալ փոփոխություններից հետո քաղաքացիների ներգրավվածությունն ապահովելու խնդիր իշխանությունները չունեն, քանի որ հիմա «իսկական քաղաքացիական և ազգային զարթոնք է», և դրա էությունը հետևյալն է՝ «որ յուրաքանչյուր քաղաքացի պայքարի իր իրավունքի համար»։

ՀՀ վարչապետը որպես կառավարման գործում Սփյուռքի ներուժն առավելագույն օգտագործելու խոչընդոտ նշեց սահմանադրական այն դրույթը, որի համաձայն՝ «օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, որը վերջին չորս տարում հանդիսացել է միայն ՀՀ քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում»։

«Այս կարգավորումը չի արտահայտում մեր ազգային ձգտումները և կարծում ենք, որ այս սահմանափակումը ստեղծում է արհեստական խոչընդոտներ Սփուռքի ներգրավվածության համար։ Մենք մտադիր ենք վերացնել այս արգելքները, որպեսզի Սփյուռքի ներուժը հնարավորություն ունենանք օգտագործել պետական կառավարման գործում»,- ասաց կառավարության ղեկավարը։

Ելույթի ավարտին դահլիճում հավաքվածները Փաշինյանին ողջունեցին բուռն ծափահարություններով։ Նա շնորհակալություն հայտնեց և խոստացավ առաջիկայում հանդիպել և առավել մանրամասն քննարկել բոլոր հարցերը։

Պատրաստեց Ստելլա Մեհրաբեկյանը

Մեկնաբանել