Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա բանակցություններում․ ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա բանակցություններում։ Տարիներ շարունակ դա ասել ենք և շարունակում ենք ասել։ Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին ասել է թե վարչապետը և թե խոսվել է այլ ձևաչափերով։ Դա ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասաց Բալայանը։

Հայաստանի դիրքորոշումը, ըստ Բալայանի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ փոփոխություն չի կրել։

«Մենք գտնում ենք, որ այն պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունների հիման վրա, ինչպես նաև ապրիլյան ագրեսիայից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման պայմաններում»,- նշեց խոսնակը։

«Հայաստանը չի հրաժարվում բանակցություններից։ Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից, մենք, այո, որպես Հայաստան, որպես Արցախի երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները՝ միևնույն ժամանակ ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղությանը հասնելու համար», – հայտարարեց Տիգրան Բալայանը։

***

Մայիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ասուլիս է8 տվել Արցախի, Հայաստանի և միջազգային լրատվամիջոցների համար: Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։

Մեկնաբանել