Սփյուռքահայ բժիշկները պատրաստ են Հայաստանում տարբեր ծրագրեր իրագործել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի (ԱՄԻԿ) նախագահ Վիգեն Սեփիլյանին: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ինչպես փոխանցում է ԱՆ կայքը, Վիգեն Սեփիլյանը շեշտել է սփյուռքահայ բժիշկների հետաքրքրվածությունը Հայաստանում համակարգային փոփոխությունների հանդեպ ու պատրաստակամությունը՝ հանդես գալու առողջապահական ոլորտի զարգացման նոր ծրագրերով:

«Հարյուրավոր անդամներ ունեցող կոմիտեում ընդգրկված սփյուռքահայ շատ մասնագետներ պատրաստ են ներկայացնել Հայաստանում իրականացվելիք տարբեր նախագծեր, ծրագրեր, ուստի կարիք կա դրանք համատեղ համակարգելու: Այս հարցում ակնկալում ենք նախարարության ուղղորդումը՝ դրանք առավել արդյունավետ և նպատակաուղղված իրականացնելու համար: Նոր կապերի առջև դուռը բաց է», – ընդգծել է ԱՄԻԿ նախագահը:

Ուրվագծելով 2018-2019 թվականների անելիքները` Վիգեն Սեփիլյանը ներկայացրել է, որ Սփյուռքի մի շարք օջախներում կազմակերպվելու են համաժողովներ, առողջապահական հասարակական կազմակերպությունների հանդիպումներ և խնդրել հնարավորության դեպքում մասնակցել դրանց:

Արսեն Թորոսյանն իր հերթին շեշտել է, որ առողջապահական համակարգի զարգացման երկարաժամկետ ծրագրերում մեծապես կարևորվում է Սփյուռքի դերը:

Մեկնաբանել