Լիազորությունների դադարեցման գործընթացը ԿԸՀ-ի գործառույթ չի հանդիսանում․ Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր Երևանի քաղաքապետարանից ստացել է արձանագրություն՝ Երևանի ավագանու անդամ Ալեն Սիմոնյանի իազորությունները դադարեցնելու վերաբերյալ․ այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստին լրագրողների հետ զրույցում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա տեղեկացրեց՝ «առաջիկայում սահմանված կարգով կանդրադառնան նշված արձանագրությանը»։

«Օրենսդրությամբ շատ հստակ ամրագրված է, որ լիազորությունների դադարեցման գործընթացը ԿԸՀ-ի գործառույթ չի հանդիսանում։ ԱԺ-ի պատգամավորի պարագայում լիազորությունները դադարեցվում են ԱԺ-ի նախագահի արձանագրության հիմքով, իսկ Երևանի ավագանու պարագայում լիազորությունները դադարեցվում են Երևանի քաղաքապետի արձանագրության հիմքով։ Ըստ էության, ստանալով նշված արձանագրությունը՝ դրանով ասվում է, որ առկա է թափուր մանդատ, որի տրամադրումն է միայն իրականացնում ԿԸՀ-ն։ Եվ ինչպես այսօր նկատեցիք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ունի նման իրավասություն, ոչ էլ երբևէ որոշում է կայացրել պատգամավորի կամ ավագանու լիազորությունները դադարեցնել»,- նշեց Մուկուչյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Երևանի քաղաքապետարանը արձանագրություն է ուղարկել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջարկելով «Ելք» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զրկել ավագանու մանդատից։

Քաղաքապետարանի կայքում հրապարակվել է նաև «Տարոն Մարգարյանի պատասխանը Ալեն Սիմոնյանին», որում քաղաքապետը շնորհավորում է Սիմոնյանին Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունների ստանձնման կապակցությամբ և շնորհակալություն հայտնում «այս մեկ տարվա ընթացքում Երևանի ավագանու աշխատանքներում ունեցած ներդրման համար»։

Մոտ մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ին հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

Մեկնաբանել