Մեծագույն խնդիր էր իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նա իր ելույթում անդրադարձել է մի շարք խնդիրների և նշել, որ կառավարությունը քայլեր է ձեռնարկում դրանց ուղղությամբ:

«Մեր երկրի մեծագույն քաղաքական խնդիրը եղել է քաղաքացիների կողմից իշխանություն ձևավորելու իրավունքի անձեռնմխելիությունը, որովհետև, կարծում եմ, որ մեր երկրում խնդիրները սկսել են խորանալ այն ժամանակներից, երբ հանրությունը լայնորեն սկսել է չվստահել ընտրությունների արդյունքներին և ամեն անգամ ընտրությունների արդյունքներով իրեն խաբված է զգացել»,- ասել է նա:

Փաշինյանն անդրադառնալով ընտրական համակարգին, նշել է, որ ընտրությունների արդյունքում հաղթանակած պետք է զգա ոչ թե քաղաքական ուժը, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

«Եվ ես ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության համար հաջորդ կարևոր առաջնահերթությունը պայքարն է կոռուպցիայի դեմ, սկսած ընտրական կոռուպցիայից և շարունակած պետական կառավարման, դատական կոռուպցիայով: Ուզում եմ ասել, որ մեր կառավարությունն արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկել այս ուղղությամբ և ունի հաջողություններ:

Այդ գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բոլորս համոզվենք, որ կոռուպցիան որպես համակարգային երևույթ արմատախիլ ենք արել Հայաստանի Հանրապետությունում: Եվ ի վերջո, մեր ամենակարևոր կոնցեպտուալ խնդիրը, հայեցակարգային խնդիրը, գաղափարական խնդիրը Հայաստանի Հանրապետության, եթե կարելի է ասել, որպես պետության կիրառական նշանակության մասին ձևակերպումն է»,- նշել է նա:

 Ելույթն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ