Ամերիկյան ընկերությունը հեռուստատեսային դրամատիկ վեց նախագիծ կնկարահանի Հայաստանում

Ամերիկյան խոշոր Associated Television International ընկերությունը հայտարարել է, որ դրամատիկ հեռուստատեսային վեց նախագծի նկարահանում է սկսում Հայաստանում։ Արտադրության մեկնարկը կտրվի այս տարվա հուլիսին։ Այս ընկերության նախագահ Դեյվիդ Մկքենզին Երևանում 2017-ի փետրվարին հանդիպել էր այն ժամանակվա վարչապետ Կարեն Կարապետյանի հետ և հայտարարել էր, որ որ ընկերությունը պատրաստվում է փաստագրական ֆիլմ նկարահանել Հայաստանի մասին, որի նպատակն է Հայաստանը որպես առաջին քրիստոնյա երկիր ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը և մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ:

Վեց ծրագրերը կհեռարձակվեն ԱՄՆ-ի ամբողջ տարածքում, ազգային հեռուստատեսությամբ և POPSTAR ալիքով։ Ընկերությունը պատրաստվում է հեռարձակել դրանք 2018թ․ հոկտեմբերին:

ATI- ի նախագահ Դեյվիդ Մկքենզիի խոսքի համաձայն, սա աննախադեպ հնարավորություն է Հայաստանի ստեղծագործական ներուժը ցուցադրելու և այն համաշխարհային կինոշուկայում որպես կինոարտադրության և հեռուստատեսային արտադրության կենտրոն ներկայացնելու համար:

Դեյվիդ Մկքենզիի հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ, փետրվարի 28, 2017։Ընկերությունը նաև Հայաստանում վերջերս տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին պատմող մեկ ժամ տևողությամբ հեռուստատեսային ֆիլմ կնկարահանի։ Ֆիլմը կցուցադրվի ԱՄՆ-ի ամբողջ տարածցում։ Պատմիչների դերում հանդես կգան ամերիկացի աստղեր Դին Քեյնն ու Մոնտել Վիլյամսը։

Մկքենզին, Քեյնն ու Վիլյամսը «Ժխտում» հեռուստաֆիլմի հեղինակներն են։ Նրանք նաև «Ժխտման ճարտարապետները» լիամետրաժ վավերագրականի հեղինակներն են։ Աննախադեպ այս նախագծի շրջանակում առաջին անգամ ներկայացվել է, թե ինչպես է Հայոց ցեղասպանությունը մինչ օրս ազդում Հայաստանի վրա:

Մկքենզին նաև ասում է, որ կարևոր է կինոյի և հեռուստատեսության մասնագետներին ցույց տալ, որ Հայաստանը ոչ միայն ստեղծագործական ներուժ ունի, այլև հիանալի վայր է նկարահանումների համար։ «Մենք հուսով ենք, որ սա կխթանի Հայաստանում կինոարտադրության ոլորտի զարգացումը»:

Նա հայտարարել է նաև, որ ևս չորս ճանապարհորդական հեռուստահաղորդում է նկարահանելու, որոնք կցուցադրվեն ամբողջ աշխարհում։ Նպատակը՝ Հայաստանում զբոսաշրջության ոլորտին աջակցելն է։

***

Associated Television International (ATI ) ընկերությունը «Էմմի» մրցանակակիր է, որը շուրջ երեք տասնամյակ թատրոնի, հեռուստատեսության և կինոյի որոլտներում աշխարհի ամենախոշոր արտադրողներից է։ ATI- ի հեռուստաշարքերը, վավերագրական և գեղարվեստական ֆիլմերը ցուցադրվել են ամերիկյան բոլոր հեռարձակման ցանցերում, խոշոր կաբելային հեռուստաալիքներով, իսկ գործընկերների շնորհիվ՝ նաև ամբողջ աշխարհում։ ATI- ի վավերագրականներն ու հեռուստանախագծերը բազմիցս «Էմմի» մրցանակաբաշխույթանն են առաջադրվել:

Մեկնաբանել