Սամվել Բաբայանին ազատ չարձակեցին

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր ազատ չարձակվեց, չնայած նրա կողմնակիցներն ու լրագրողները հավաքվել էին ԱԱԾ մեկուսարանի մոտ և սպասում էին նրա ազատ արձակմանը։

Սամվել Բաբայանի գործը Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել։ Նրա կողմնակիցներն ակնկալում էին, որ զուգահեռաբար բավարարվել է նաև նրան ազատ արձակելու միջնորդությունը։

«Մենք հաշվի էինք առնում որոշակի անալոգիաներ՝ նույն առաջին ատյանի դատարանի նախադեպային հնարավորությունները, ուստի ենթադրում էինք, որ անմիջապես բավարարվելու է այդ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեր հայցը»,- ԱԱԾ մեկուսարանի դիմաց հայտարարեց «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը։

Նա հայտնեց, թե ներքին տեղեկատվություն են ստացել, ուստի հայտարարել են՝ Բաբայանի ազատ արձակման մասին․ «Մենք անգամ Բաբայանի հագուստներն էինք բերել, որ նրան փոխանցենք ազատ արձակվելիս»։

Թևանյանը կարծիք հայտնեց, որ «Վճռանեկ դատարանը գործում է հին Հայաստանում»։ Թևանյանի խոսքով՝ Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է ու պետք է արդարացվի։ Թևանյան Բաբայանի քաղբանտարկյալ լինելը բացատրում է նրանով, որ նա ձերբակալվեց 2017-ի խորհրդարանական ընտրությունների փուլում, երբ աջակցում էր քաղաքական ուժերից մեկին։

Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանը միացել էին նաև Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Հովիկ Աղազարյանը։

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը Վճռաբեկ դատարանից խնդրում է բեկանել քրեական գործն ու արդարացնել իր պաշտպանյալին։

Սամվել Բաբայանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալվել էր 2017-ի մարտի 22-ին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու, կեղծ եվրո թղթադրամներ շրջանառելու գործի շրջանակում:

2017-ի նոյեմբերին Բաբայանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման։ 2018թ․ փետրվարին Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Բաբայանի դատավճիռը։

Բաբայանը հայտարարում է, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը և դատավճիռը շինծու է և քաղաքական պատվեր է։ 2017-ի խորհրդարանակա ընտրություններին Բաբայանն աջակցում էր ընդդիմադիր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին