Բանակի հետ կապված երկարաժամկետ ծրագրերը շարունակվելու են․ Դավիթ Տոնոյան

Բանակի հետ կապված երկարաժամկետ ծրագրերը շարունակվելու են․ այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Մեդիամաքս գործակալության հետ հարցազրույցում։

«Այն ծրագրերը, որոնք ունեն երկարաժամկետ բնույթ և ուղղված են բանակաշինության գործին, անկախ պաշտպանական կառույցի ղեկավարի փոփոխությունից, պետք է շարունակվեն,- ասել է նա։  

«Բանակը մեր պետության ամենահաստատուն, ամենակայացած կառույցն է, որը ոչ միայն ապահովում է մեր անվտանգությունը, այլև բարենպաստ պայմաններ է ստեղծում բոլոր մյուս ոլորտներում շարունակական զարգացում ունենալու համար։ Ուստի բանակաշինության գործում փորձարկումները, պաշտպանական բարեփոխումները ղեկավարների անձերով պայմանավորելը, բացառապես նրանց վերագրելը և ընդհանրապես՝ բանակում պլանավորվող և իրականացվող գործընթացները քաղաքականացնելու փորձերը կարող են մեծ բացասական ազդեցություն ունենալ մեր պաշտպանունակության վրա»,- ասել է նախարարը։ 

«Ասածս ամենևին չի նշանակում, որ պաշտպանական կառույցի ղեկավարը չպետք է ղեկավարի, ուղղորդի, համակարգի, քաղաքական առաջնահերթություններ սահմանի, հետևաբար՝ նաև քաղաքական պատասխանատվություն կրի Զինված ուժերի զարգացման գործում։ Ասածիս հիմնական իմաստն այն է, որ պաշտպանության ոլորտի զարգացման ոլորտում, առավել, քան մյուս բոլոր ոլորտներում, չի կարելի այս կամ այն ծրագիրը չեղարկել զուտ նրա համար, որ դա մշակվել և ներդրվել է մեկ այլ քաղաքական ուժի կամ կառույցի ղեկավարի կողմից։ 

Օրինակ, պատկերացրեք՝ մենք հիմա վերցնում և կասեցնում ենք պաշտպանության նախկին նախարարի նախաձեռնած պարտադիր զինվորական ծառայության նոր տեսակները։ Ի՞նչ հիմնավորմամբ, եթե դրանք իսկապես լավն են, եթե իսկապես այլընտրանք են առաջարկում ժամկետային զինվորական ծառայության հիմնական մոդելին։ Իհարկե, ժամանակը կարող է նոր մարտահրավերներ ձևավորել, որոնց լուծումները կարող են և նոր մոտեցումներ պահանջել։ Բայց ցանկացած պարագայում շարունակականությունը չափազանց կարևոր գործոն է»։

Հարցազրույց ամբողջությամբ կարդացեք Մեդիամաքսի կայքում։