Ֆրանսիան կակտիվացնի ԼՂ հարցի կարգավորմանն ուղղված ջանքերը

Ֆրանսիան մտադիր է առաջիկա ամիսներին ավելի ակտիվ աշխատել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելու ուղղությամբ․ այս մասին Բաքվում ադրբեջանցի իր պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Նրա խոսքով, Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, «կարգավորման գործընթացում ունի մեծ հանձնառություններ»։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է՝ ստատուս քվոն «չի կարող պահպանվել»։

«Դա լուծման տարբերակ չէ»,- ասել է Լե Դրիանը՝ հավելելով, որ Ֆրանսիան ձգտում է «տարածաշրջանում կայունության և խաղաղության»։

Մամեդյարովն իր հերթին նշել է, որ Ֆրանսիայի միջնորդությունը «կարող է լինել է՛լ ավելի օգտակար», ինչը թույլ կտա կարգավորել հակամարտությունը։

Հարավային Կովկաս այցի շրջանակում Ժան-Իվ Լե Դրիանը մայիսի 28-ին այցելում է Երևան։