Ադրբեջանի իշխանություններն անշուք են նշում Հանրապետության օրը

Մայիսի 28-ին Ադրբեջանը նշում է Հանրապետության օրը։ 100 տարի առաջ այդ օրը հռչակվել է Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետությունը՝ մուսուլմանական աշխարհի առաջին հանրապետությունը։ Ինչպես գրում է Turan գործակալությունը, այսօրվա իշխանությունները Առաջին հանրապետության 100-ամյակը նշում են անշուք։

«Չնայած 100-ամյա հոբելյանին՝ Ադրբեջանի ներկայիս իշխանություններն այդ օրը նշում են անշուք՝ խանդ տածելով Առաջին հանրապետության ժողովրդավարական ժառանգության հանդեպ քաղաքացիների սիրո հանդեպ և փորձելով նսեմացնել ժողովրդավարական հանրապետության հիմնադիրների դերը։ Հենց այդ պատճառով մարզական և երաժշտական միջոցառումները, ինչպիսիք են «Եվրատեսիլն» ու «Եվրոպական խաղերը», երկրում անցկացվում են շատ ավելի մեծ խանդավառությամբ և թափով՝ չխնայելով ֆինանսական միջոցներ»,- գրում է Turan-ը։

Այդուհանդերձ, վերջին շաբաթներին, ըստ կայքի, ադրբեջանցի բազմաթիվ օգտատերեր տարածել են լուսանկարներ, տեսանյութեր և հոդվածներ Հանրապետության 100-ամյակի թեմայով, բազմաթիվ տների վրա կախված են ազգային դրոշներ։ 

Այսօր՝ մայիսի 28-ին, չնայած իրավապահների սահմանափակումներին ու խոչընդոտներին՝ հազարավոր ադրբեջանցի երիտասարդներ մասնակցել են 100-ամյակի առիթով կազմակերպված երթին։ 

Ծաղիկներ դնելով Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հուշահամալիրի մոտ՝ ակցիայի մասնակիցները երթով անցել են մայրաքաղաքի կենտրոնով, նրանց միացել են հազարավոր քաղաքացիներ։ Ցուցարարները վանկարկում էին՝ «Ադրբեջան», «Հանրապետություն», «Մենք Ռասուլզադեի թոռներն ենք» [Ադրբեջանի Առաջին հանրապետության հիմնադիր հայր – ՍիվիլՆեթ] և այլ կոչեր։

 

Կարդացեք նաև՝ Ինչո՞ւ Մայիսի 28-ը