Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մայիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը հատկանշական է համարել, որ ֆրանսիացի գործընկերոջ այցը տեղի է ունենում, երբ համայն հայությունը նշում է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակը։ Նախարարի խոսքով` խորհրդանշական է նաև, որ նախքան իրենց հանդիպումը նախարարներն այցելել են Մուսա Լեռան հուշահամալիր, որը հայ-ֆրանսիական բարեկամության յուրօրինակ խորհրդանիշներից է: «Մեր հարաբերությունները հիմնված են արժեքների վրա, որոնց հիմքում դրված է մարդու արժանապատվությունը և ազատությունը»,- նշել է արտգործանախարար Մնացականյանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորեց նաև, որ ֆրանսիացի գործընկերն այցի սկզբում Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Շնորհավորելով Հայաստանին և հայ ժողովրդին Հանրապետության տոնի կապակցությամբ` Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը վերահաստատել է ֆրանսիական կողմի պատրաստակամությունը` շարունակելու դարավոր բարեկամության և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված համագործակցության խորացմանն ու առավել ընդլայնմանն ուղղված քայլերը:

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներին՝ Ժան-Իվ Լը Դրիանը նշել է, որ Հայաստանն իր պատմության շրջադարձային մի կետում է՝ ողջունելով քաղաքական ուժերի և ժողովրդի պատասխանատվության և երկոսության ոգին: Ֆրանսիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ հպարտ է, որ հանդիսանում է առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ով այցելում է Հայաստան վերոհիշյալ զարգացումներից հետո՝ վերահաստատելով Ֆրանսիայի՝ Հայաստանի կողքին լինելու և աջակցելու պատրաստակամությունը:

Զրուցակիցները համակարծիք էին, որ Հայաստանի և Ֆրանսիայի առանձնաշնորհյալ հարաբերությունները խարսխված են երկու ժողովուրդների ավանդական բարեկամության և փոխադարձ աջակցության դրսևորումների վրա, ինչի վկայությունն են երկկողմ հագեցած օրակարգը, մշտական քաղաքական երկխոսությունը, պետությունների ղեկավարների մակարդակով իրականացվող պարբերական պետական այցելությունները, տարբեր բնագավառներում խորը համագործակցային կապերը, ֆրանսահայ աշխույժ համայնքի առկայությունը։

Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը հանգամանալից անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրին: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի կողմից գործադրվող ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կողմերը համակարծիք էին, որ գործընթացի հաջողության համար կարևոր է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումը։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության համար խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո)՝ Հայաստանում հաստատման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Մեկնաբանել