Կառավարությունն առաջարկում է մեկ տարով հետաձգել կուտակայինի պարտադիր բաղադրիչը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 29-ին e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրել կուտակայինի պարտադիր բաղադրիչը մի տարով հետաձգելու նախագիծը։

Կառավարությունն առաջարկում է հետաձգել պարտադիր կուտակային բաղադրիչի գործարկումը մինչև 2019-ի հուլիսի 1-ը, ինչը «հնարավորություն կտա կատարել համապատասխան վերլուծություններ և հիմնարար լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին»։

Այս փոփոխությունը պայմանավորված է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված քաղաքական իրողություններով։ Ըստ կառավարության՝ անհրաժեշտություն է առաջացել անդրադարձ կատարել նախորդ բոլոր խնդրահարույց նախաձեռնություններին, այդ թվում՝ լուծումներ առաջադրել պարտադիր կուտակային բաղադրիչի կապակցությամբ առկա խնդիրներին։

Գերատեսչությունն արձանագրում է, որ այսօր համակարգին մասնակցում է շուրջ 200 000 անձ, իսկ կենսաթոշակային ֆոնդերում առկա գումարները կազմում են ավելի քան 120 մլրդ դրամ։

«Սա նշանակում է, որ այս փուլում նույնքան խնդրահարույց է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի չեղարկումը, որքան՝ ժամանակին այդ բաղադրիչի ներդրումը: Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել կատարել ավելի խորքային ուսումնասիրություններ և վերլուծություններ, քննարկել բոլոր հնարավոր տարբերակները և այդ տարբերակների հետևանքները, դրանց ազդեցությունը մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշել է, որ իր մոտեցումները չեն փոխվել, և պետք է«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն այնպես լրամշակել, որ այն ընդունելի ու հասկանալի լինի բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ համակարգին դեմ հանդես եկողների համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել