«ԵՊՀ տոտալ ռեստարտ». պահանջում են ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը

«ԵՊՀ տոտալ ռեստարտ» նախաձեռնությունը այսօր ԵՊՀ-ի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել՝ պահանջելով ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։

«Հեղափոխությունը պետք է մտնի ԵՊՀ։ Հեղափոխության արդյունքում մենք պետք է ունենանք այն ԵՊՀ-ն, որ մենք պատկերացնում ենք։ Այսօր մենք պետք է մեր պահանջները տեղ հասցնենք և ակնկալում ենք, որ այդ պահանջների նկատմամբ լինի շատ ռացիոնալ պատասխան»,- հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։

Դավիթ Պետրոսյանը խոսեց նաև կրթական համակարգի մասին, նշելով, որ այն չի բավարարում ուսանողի պահանջներին․ «Մենք չենք ստանում այն կրթությունը, որով կարող ենք հետո աշխատել և մեր նպաստն ունենալ Հայաստանի պետականաշինության գործում»։

Նախաձեռնության անդամը դժգոհություն հայտնեց մայր բուհում տիրող «ֆինանսների ոչ արդյունավետ ծախսման» կապակցությամբ։

Ավելի ուշ Արամ Սիմոնյանը համաձայնեց հանդիպել իր հրաժարականը պահանջող ցուցարարների խմբի հետ։ Դավիթ Պետրոսյանը պահանջեց, որ հանդիպմանը ներկա լինեն բողոքի ակցիայի բոլոր մասնակիցները, ու առաջարկեց հանդիպումը կազմակերպել գիտխորհրդի դահլիճում։