Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինի․ Նիկոլ Փաշինյան

Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինի. այսօր հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։

«Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա, և դրանում համոզված եղեք։ Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան և պետության նկատմամբ իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ։ Բոլորը ազատված են բոլոր կոռուպցիոն պարտավորություններից, ես սա ասում եմ միանշանակ, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել»,- ասել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԱԾ-ն ինչ խնդիր էլ դնի, կլուծի այդ խնդիրը, շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով․ «Ես բոլորին կոչ եմ անում՝ իրենք կամավոր գան այդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկեն, և թող այդ ամեն ինչը ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա»։

Լրագրողների այն դիտարկմանը, թե ԱԱԾ-ն հաստատել է ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներում ստուգումներ սկսելու գործընթացը, Փաշինյանը պատասխանել է․ «Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»։

Մեկնաբանել