Հանդիպում ՊԵԿ-ում՝ առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ

Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) մայիսի 28-ին առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների
նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկում կոմիտեի ղեկավարության հետ:

Ինչպես տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցրել է, որ կոմիտեն պատրաստակամ է համատեղ քննարկել բիզնեսին մտահոգող խնդիրներն ու ոլորտային առաջարկները:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձել են հարկային գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներին ու ռիսկերին, դիտարկել կարգավորման ուղիները: Կոմիտեի ղեկավարը տնտեսվարողներին հորդորել է բիզնես գործընթացն իրականացնել բացառապես օրենքի տառով, պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները:

Հանդիպմանը խոսվել է նաև տնտեսությունում գործարքների ամբողջական փաստաթղթավորման հարցից: ՊԵԿ
նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված
առաջընթացին, այնուամենայնիվ, փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի
ամբողջական գեներացման առումով:

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել
գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են
տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:
Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի
հետ: