Վրաստանը խզում է դիվանագիտական կապերը Սիրիայի հետ

Վրաստանը Սիրիայի հետ դիվանագիտական կապերը խզելու գործընթաց է սկսել, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը։ Որոշումը հետևել է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն Թվիթերում գրառում է արել՝ այդ քայլը որակելով «միջազգային իրավունքի աղաղակող խախտում»։

«Ռուսաստանի կողմից մանիպուլացվող Սիրիայի ասադական վարչակարգի կողմից Վրաստանի պատմական շրջաններ Աբխազիայի և Ցխինվալիի (Հարավային Օսիա) անկախության ճանաչումը Ասադի կողմից միջազգային իրավունքի հերթական աղաղակող խախտումն է, և միջազգային հանրությունը պետք է դատապարտի այն»,- գրել է Ջանելիձեն։

***

Աբխազիան և Հարավային Օսիան դե ֆակտո անկախ պետություններ են։ Վրաստանը համարում է Աբխազիան և Հարավային Օսիա դե յուրե վրացական տարածքներ։ 2008թ. ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի անկախությունը:

2015թ. ՌԴ և Հարավային Օսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Լեոնիդ Տիբիլովը ստորագրել են դաշնակցության և ինտեգրման մասին պայմանագիր: Փաստաթուղթը ստորագրվել է 25 տարով և տասնամյակներով երկարացվելու հնարավորությամբ:

2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է նաև Աբխազիայի անկախությունը, որի հետ 2014թ. կնքել է դաշնակցության և ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր:

Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը Ռուսաստանից բացի ճանաչել են Նիկարագուան, Վենեսուելան, Գաուրուն, Վանուատուն և Տուվալուն։

Մեկնաբանել