Վարչապետի պաշտոնում առաջին պաշտոնական այցը Նիկոլ Փաշինյանը կատարում է Հայաստանի հյուսիային հարևան Վրաստան: Հայաստանի շուրջ 30-ամյա անկախության պատմության ընթացքում սա առաջին դեպքն է, երբ երկրի ղեկավարը առաջին պաշտոնական այցը կատարում է հենց Վրաստան: Ինչպես հաղորդում է վարչապետի պաշտոնական կայքը, այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ, Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին: Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ և կայցելի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին նվիրված միջոցառումներին՝ հոբելյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը և կազմակերպված ընդունելությանը: Նախատեսվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Ջավախք, Նինոցմինդա ու Ախալքալաք և հանդիպումներն այնտեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Փաշինյանի այցը Վրաստանից լուսաբանում է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Իրադարձությունները՝ հետադարձ ժամանակագրությամբ։
ՄԱՅԻՍԻ 31
19։00
Այցի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը եղել է Փոկա, Գանձա, Սաթխա գյուղերում, Նինոծմինդա և Ախալքալաք քաղաքներում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, կատարել մոմավառություն:
Հանդիպումների ընթացքում վարչապետն անդրադարձել է Վրաստան կատարած այցի բանակցությունների արդյունքներին, հայ-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին: Ախալքալաքում տեղի հայ համայնքի հետ հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
16:00
Ինչպես հաղորդում է «Ալիք մեդիա» կայքը, Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Համայն Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը։
13:00
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ:
Վարչապետի կայքի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:
11։15
Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տանն է։ Լուսանկարը՝ «Ալիք մեդիա»-ի։
***
ՄԱՅԻՍԻ 30
21:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վրաստան պաշտոնական այցի առաջին օրը ավարտվեց Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում կազմակերպված ընդունելությամբ՝ նվիրված Հայաստանի Հանրապետության հռչակման 100-ամյակին: Կարճ ելույթներ ունեցան Փաշինյանն ու իր վրացի գործընկեր Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ընդունելությունից հետո տեղի ունեցավ պաշտոնական ընթրիք՝ Կվիրիկաշվիլիի և նրա տիկին Մայա Ցինաձեի անունից՝ ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի:
20:00
Մայիսի 30-ի երեկոյան Թբիլիսիի Երիտասարդության տանը, որը եղել է ցարական Ռուսաստանի փոխարքայության պալատը և մի կարճ ժամանակ՝ Անդրկովկասյան Սեյմի գումարման վայրը, բացվեց ցուցատախտակ՝ նվիրված
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակին: Ցուցատախտակը բացեց պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ հայկական ցուցատախտակի հարևանությամբ տեղադրվել են երկու այլ ցուցատախտակներ, որոնցից մեկը նվիրված է Վրաստանի, երկրորդը՝ Ադրբեջանի 1918 թվականի անկախության հռչակմանը:
Երեք հանրապետությունները հռչակվել են նույն վայրում՝ մեկական օրվա տարբերությամբ՝ 1918 թվականին:
18:00
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
17:28
Վրաստանյան այցի շրջանակում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել վրաց պաշտոնակից Միխեիլ Ջանելիձեի հետ։
17։15
Դիմելով եկեղեցու բակում հավաքված հայությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ «հայ ժողովուրդը Աստծո ժողովուրդ է, մենք դառնալու ենք 5 մլն, 10 մլն»։
«Մենք պաշտպանելու ենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Չի կարող լինել հիասթափություն։ Մեր առաքելությունն է հող դառնալ, որի վրա ամուր կանգնի հայ ժողովուրդը»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ հայերն ավելի լավ են զգալու Վրաստանում, վրացիները՝ Հայաստանում։
16։50
Նիկոլ Փաշինյանը Խոջիվանքի պանթեոնում ծաղկեպսակ դրեց Հովհաննես Թումանյանի գերեզմանին։ Այս պահին գտնվում է վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցում։ Ուղիղ միացումը՝ Aliq.media-ի։
16:00
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոն՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ։
Ինչպես հաղորդում է վրաստանյան հայալեզու Aliq.ge կայքը, այնուհետև պատվիրակության անդամներն այցելել են Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի։
«Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք և այցելեցիք, աղոթում ենք, որ հայոց աշխարհն ամուր լինի։ Եթե մինչև այսօր հայ եկեղեցին և Հայաստանից դուրս բոլոր կառույցները զբաղված էին հայապահպանության գործով, այսուհետ ժամանակն է դեպի հայրենիք վերադարձի ճամփան բռնենք։ Հայրենադարձության ճիշտ ժամանակն է»,- իր խոսքում շեշտել է Վիրահայոց թեմի առաջնորդը։
15։08
Վրաստանի վարչապետի կայքում տեղադրվել է Կվիրիաշվիլիի ելույթը, որը նա սկսում է «պարոն վարչապետ, հարգելի Նիկոլ»-ով։
«Մի տեսակ խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնական առաջին այցը տեղի է ունենում Վրաստան, երբ մենք նշում ենք մեր հանրապետությունների անկախության 100-ամյակը և երկու հանրապետությունների համար պատմական իրադարձությունները, որ տեղի ուն ունեցել մեր քաղաքում՝ Թբիլիսիում․․․ 100 տարի առաջ վրացի և հայ ժողովուրդները, չնայած բազմաթիվ դժվարություններին ու մարտահրավերներին, ցուցաբերեցին բացառիկ ունակություն և հետամուտ եղան իրենց զարգացման ժողովրդավարական ճանապարհին»։
15։05
ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը Թբիլիսիից հաղորդում է, որ Նիկոլ Փաշինյանն արդեն հանդիպել է նախագահ Մարգվելաշվիլիի հետ։ Մամուլի ներկայացուցիչները չեն մասնակցել հանդիպմանը, ներկա են եղել միայն վարչապետի օպերատորները։
13:30
Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց հայաստանցի պաշտոնակցին Հայաստանի Առաջին հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ: Գիորգի Կվիրիկաշվիլին նշեց, որ Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարության զարգացումը շատ կարևոր են Վրաստանի համար: Իրենք ուշի-ուշով հետևել են հայաստանյան զարգացումներին: Վրաստանի վարչապետը կառավարության և անձամբ իր անունից պատրաստակամություն հայտնեց հետագա աշխատանքի, ապագա համագործակցության հարցում։ Հանդիպման շրջանակներում երկու երկրների վարչապետները շոշափել են առևտրատնտեսական, տրասպորտային, էներգետիկ ոլորտներում հարաբերությունների զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր:
Կվիրիկաշվիլին տեղեկացրեց, որ վաղը Նիկոլ Փաշինյանը կայցելի հարավային Վրաստան, որը «բազմազգ Վրաստանի միասնականության հավաստիքն է»:
12։30
12:00
Ավարտվեց վարչապետերի առանձնազրույցը և սկսվեցին հայ-վրացական բանակցությունները՝ ընդլայնված կազմով։
11:10
Թբիլիսիում մեկնարկեց Վրաստանի և Հայաստանի վարչապետեր Գիորգի Կվիրիկաշվիլիի և Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը։
Ինչպես փոխանցում է Վրաստանի «Առաջին ալիքը», Կվիրիկաշվիլին, ողջունելով Փաշինյանին, մասնավորապես ասել է․ «Մեզ համար, իհարկե, կարևոր է Հայաստանի կայունությունն ու զարգացումը, հետևաբար մենք ուշի ուշիով հետևել ենք վերջին իրադարձություններին։ Հայ ժողովուրդը ցուցադրեց իր հանձնառությունը միասնության ու ժողովրդավարության սկզբունքներին, ինչը բերեց իշխանության խաղաղ փոխանցման»։ Կվիրիկաշվիլին հաստատել է անձամբ իր և իր կառավարության մտադրությունը ամրապնդել երկկողմ հարաբերությունները մի ժողովրդի հետ, որի հետ հարյուրամյա բարեկամություն կա։
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի կառավարության ղեկավարին շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել հայ-վրացական հարաբերություննների նշանակությունը:
«Հայ-վրացական հարաբերությունները մեզ համար պատմական և մարդկային հիմք ունեն: Մեր ժողովուրդները կապված են խորը արմատներով, և այդ կապն անբաժան է: Խորհրդանշական է և պատահական չէ, որ իմ առաջին պաշտոնական այցը կայացավ Վրաստան: Սա արտահայտում է ոչ միայն իմ ժողովրդի, այլ անձամբ իմ վերաբերմունքը վրաց ժողովրդի և Վրաստանի նկատմամբ: Անկեղծ շնորհավորում ենք առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանի առթիվ: Մեր երկիրը հոբելյանական միջոցառումներին մասնակցել է նախագահի մակարդակով, որը նրա ապացույցն է, թե ինչ կարևորություն ենք տալիս մենք այս ամսաթվին: Վստահ եմ՝ հեղափոխության արդյունքում, հայ-վրացական հարաբերությունները կստանան զարգացման նոր հեռանկար: Նոր կառավարությունը ջանք չի խնայի երկկողմ հարաբերությունների առավել զարգացման համար: Մենք այստեղ ենք գտնվում, որպեսզի մեկ անգամ ևս հաստատենք, որ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է խորացնել և ստեղծել բարեկամական ֆոն: Մենք ցանկանում ենք Վրաստանը տեսնել հզոր և կայուն»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
10:50
Հայկական պատվիրակությունը ժամանեց կառավարական շենք։ Նիկոլ Փաշինյանին ողջունեց վրաց պաշտոնակից Գիորգի Կվիրիկաշվիլին։
10:38
Փաշինյանի առաջին կանգառը՝ «Հերոսների» հրապարակ
Պաշտոնական այցով Վրաստան ժամանած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը «Հերոսների» հրապարակն է: Այս հրապարակը՝ նվիրված Վրաստանի անկախության և տարածքային ամբողջականության համար ընկած վրացիների հիշատակին (Աբխազիայի և Հարավային Օսիայի պատերազմ), Վրաստանի պետական արարողակարգի մաս է կազմում, ինչպես Ծիծեռնակաբերդը Հայաստանի դեպքում:
«Հերոսների» հրապարակից Փաշինյանը և հայկական պատվիրակությունը կուղևորվի կառավարություն, որտեղ տեղի
կունենա առանձնազրույց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հայ-վրացական հանդիպում, որից հետո կարվի համատեղ հայտարարություն լրատվամիջոցների համար:
Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը, մի քանի այլ նախարարներ ու խորհրդականներ:
10։00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թբիլիսի։ Օդանավակայանում նրան դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն։ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում Ջանելիձեն ասել է, որ այցի շրջանակում կքննարկեն հարցեր, որոնք վերաբերում են առևտրային հարաբերություններին, մշակութային կապերին։ «Համոզված եմ, որ այս այցը նոր արդյունքներ կբերի մեր երկկողմ հարաբերությունների համար»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարարը։