Սեֆիլյանին դատարան չէին բերել, նիստը տապալվեց

Մայիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանում պետք է մեկնարկեր Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի և մյուսների գործով բողոքի քննությունը։ Նիստը, սակայն, չկայացավ։ Դատավորները պարզաբանեցին, որ ոստիկանները տրանսպորտային խնդիրների պատճառով չեն կարողացել ամբաստանյալներին տեղափոխել նիստերի դահլիճ։ Դատարանի ներսում հավաքվել էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, նրանք գոչյուններով ընդունեցին դատարանի պարզաբանումը։ Դատարանի դիմաց հավաքված քաղաքացիներն էլ, հաղթահարելով դատական կարգադրիչների պատնեշը, ներխուժեցին շենք։ Որոշ ժամանակ անց բողոքի ցույցի մասնակիցները որոշեցին երթ իրականացնել՝ գնալով Վճռաբեկ դատարան և դատախազություն։

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Արայիկ Պապիկյանը ծիծաղելի որակեցին պատճառաբանությունը։ Նրանք կարծում են, որ դատական նիստը միտումնավոր տապալվում է։ Տիգրան Հայրապետյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց՝ այսօր նպատակ ունեին միջնորդություն ներկայացնել Վերաքննիչ դատարանին, որ ամբաստանյալներին կալանքից ազատեն. «Դատական համակարգն ի վիճակի չէ արդարադատություն իրականացնել»,- ասաց նա։

Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, հայտնեց, որ եթե այս իրավիճակը կրկնվի հաջորդ նիստերին, ապա իրենք կվերսկսեն անհնազանդության ցույցերը. «Իրենց այսօրվա արարքը շատ հստակ սադրանք էր, սաբոտաժ էին փորձում անել Նիկոլ Փաշինյանին։ Դատարանը փորձեց կատարվածը ոստիկանության վրա գցել, դա այդպես չէ»։

Նիստի ընթացքին հետևելու էր եկել նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Նա կարծիք հայտնեց, որ ապրիլին մեկնարկած հեղափոխությունը չի ավարտվել, քանի դեռ Հայաստանում հաստատված չէ արդարադատություն, ու քաղբանտարկյալներն ազատ չեն արձակվել. «Եթե չկա արդարություն, հեղափոխությունը դադարում է լինել հեղափոխություն։ Ես կարծում եմ՝ հեղափոխությունը հենց այն է, երբ ժողովուրդն է թելադրում օրակարգը, և շատ սխալ է այն մոտեցումը, որ մենք չպետք է խանգարենք կառավարությանը։ Ո՛չ, կառավարությունը պետք է հաշվետվողական լինի նախևառաջ արդարության գործում»։

Քաղաքական-հասարակական գործիչ Գագիկ Սարուխանյանը վստահեցրեց, որ դատական համակարգը փորձում է ստվերել հեղափոխությունը և սադրանքների է դիմում։

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդների հարազատները և համակիրները ցույցը ավարտեցին Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք կոչ արեցին քաղաքացիներին մասնակցել հաջորդ շաբաթվա նիստին՝ հունիսի 6-ին։ Նրանք պատրաստվում են այնքան պայքարել, քանի դեռ Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամները ազատ չեն արձակվել։

Առաջին ատյանի դատարանը 2018-ի մարտի 20-ի 10 տարվա և 5 ամսվա ազատազրկման դատապարտեց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավար Ժիրայր Սեֆիլյանին, իսկ Գևորգ Սաֆարյանին՝ 5 տարվա և 5 ամսվա ազատազրկման, սակայն նրա փաստացի ազատազրկումը տևելու է 3 տարի և 5 ամիս։

Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր է ճանաչվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2015-ի ապրիլի 24-ին նպատակադրվել է զանգվածային անկարգություններ հրահրել՝ բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով։ Բացի այդ, նա մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերելու համար։ Ըստ իրավապահների՝ Սեֆիլյանը ցանկացել է զենքի գործադրմամբ զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Մեկնաբանել