ՀՀ Զինված ուժերը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք են կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն, և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք․ այսպիսի գրառում է արել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ արձագանքելով վերջին օրերին տարածված այն լուրերին, թե Նախիջևանում ադրբեջանական դիրքերի առաջխաղացում է տեղի ունեցել։ Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Ադրբեջանի Զինված ուժերը «որոշ ռազմավարական նշանակության բարձունքներ են գրավել»։
«Հարգելի համաքաղաքացիներ. ՀՀ ԶՈւ-երը մշտական մարտական հերթապահություն ու աշխատանք է կատարում ՀՀ ողջ սահմանի երկայնքով: Նախիջևանյան հատվածում այդ աշխատանքները ընթանում են բնականոն և ցանցում հնչեցված հատվածներում ևս կատարվում է մեծ մարտական ու ոչ միայն մարտական աշխատանք: Նշված գյուղերի բնակիչները դա լավ գիտեն, իրենց հետ տեղի են ունենում նաև ակտիվ քննարկումներ: Որևէ մեկ մարտական դիրքով կամ մարտավարական ճակատում (ջոկ-դասակ-վաշտ) եղած բարձունքով չի որոշվում մեր մարտունակությունն ու ունակությունը: Մենք ևս ունենք բազում գերիշխող դիրքեր ու բարձունքներ: Հաճախ այստեղ հնչեցված հարցադրումները ուղղակի խանգարում են մեր կողմից կատարվող աշխատանքների հաջող իրականացմանը: Խնդրում եմ ցուցաբերել զսպվածություն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը, անդրադառնալով Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին տեղեկատվությանը, հղում է արել ՊՆ-ի տրամադրած տեղեկատվությանը՝ հավելելով․ «Ինչպես հիշում եք, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները մինչ Լեռնային Ղարաբաղ մեկնելը այցելեցին Նախիջևանի առաջնագիծ՝ տեղում ծանոթանալով իրավիճակին։ Ավելին չեմ կարող ասել»։
Մայիսի 18-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել են Նախիջևանի հետ սահման։
Մայիսի 20-ին Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը։
«Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակի անտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,- գրել է Հովհաննիսյանը։