Պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, դա ճիշտ և բարոյական քայլ է. Քնեսեթի խոսնակ

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը արձագանքել է Երուսաեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակին, որում վերջինս հիասթափություն է հայտնել Քնեսեթի օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը հանելու կապակցությամբ։ Նամակը Ֆեյսբուքի էջում հրապարակել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Էդելշտեյնը, մասնավորապես, ցավով արձանագրում է, որ «սխալ հրապարակումները հուսախաբության պատճառ են դարձել»։

«Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն այս շաբաթ ընդհանրապես նախատեսված չէր ընգրկել Քնեսեթի օրակարգում, հետևաբար հարցը երբեք չի «մերժվել»։ Ավելին, նշեմ, որ ես չեմ խոչընդոտել հարցի՝ օրակարգում ընդգրկմանը՝ ոչ իմ գործողությամբ, ոչ էլ՝ ակնարկով։

Չեմ հրաժարվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ ասած իմ ոչ մի խոսքից։ Այսօր ևս ես հավատարիմ եմ հարցի վերաբերյալ իմ դիրքորոշմանը, որը շարունակաբար ապացուցել եմ անցնող տարիներին և իմ դիրքորոշումն է, որ Իսրայելի Քնեսեթը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որ դա ճիշտ և բարոյական քայլ է և ոչ թե ճանաչի այն՝ քաղաքական կամ դիվանագիտական շահերից ելնելով»,- գրել է Էդելշտեյնը՝ Հայոց պատրիարքին խնդրելով չանհանգստանալ։

Նա շեշտում է՝ այն պահին, երբ համոզվեն, որ պատմական այդ ճանաչման համար Քնեսեթում առկա է մեծամասնություն, հարցը կընդգրկեն լիագումար նիստի օրակարգում։

«Այս նպատակի համար ես պետք է իմ կարողությունների սահմաններում անեմ ամեն ինչ և հույս ունեմ, որ իմ ջանքերը կտան դրական արդյունք։ Մեր հաղթանակով նաև մեր հայ բարեկամները կհաղթեն։ Ես չեմ վախենում երկար ճանապարհից»,- եզրափակել է Քնեսեթի խոսնակը։

***

Հայոց ցեղասպանությունը ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէր Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Քնեսեթի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը պարզաբանել է որոշումը՝ ասելով, որ մտավախություն կար՝ մեծամասնությունը կողմ չի քվեարկի նախագծի ընդունմանը:

Անցյալ շաբաթ իսրայելահայկական կազմակերպությունները հայտարարություն էին տարածել՝ կոչ անելով Իսրայելի բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, Քնեսեթի ու կառավարության անդամներին «այլևս հանդես չգալ Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով, չհոլովել, անտեղի չվկայակոչել ու անիմաստ ու անհիմն չքննարկել մի հարց», որը նրանք «որպես պետություն չունեցան խիզախություն ճանաչելու»։

Թեմայի շուրջ ավելին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը վերադարձել է Քնեսեթ

Մեկնաբանել