Արցախում կվերացվի «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհը

Արցախում կվերացվի «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի մենաշնորհը․ այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին հայտարարել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Արցախի պետնախարարը հայկական բջջային օպերատորներին հրավիրել է Արցախ գործունեություն ծավալելու։ «Ղարաբաղ Տելեկոմի» սեփականատերերը մտադիր են վաճառել ընկերությունը և գումարները ներդնել Արցախի գյուղատնտեսության ոլորտում։

Պետական նախարարը նշել է, որ ընդառաջելով հանրային դժգոհությանը՝ իշխանության անունից ինքն օրերս հանդիպել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սեփականատիրոջ հետ, և տեղի են ունեցել ծանր, բայց արդյունավետ բանակցություններ: Հարությունյանի խոսքով՝ հիմնական հաջողությունը եղել է մենաշնորհի վերացման վերաբերյալ սեփականատիրոջ հետ ձեռքբերված պայմանավորվածությունը: Որպես հաջորդ քայլ՝ Արայիկ Հարությունյանը, լրագրողների ներկայությամբ, ստորագրել է ՀՀ-ում գործող երեքօպերատորներին հղված նամակները, որոնցով նրանց առաջարկվում է գործունեություն ծավալել Արցախի կապի ևհեռահաղորդակցության ոլորտում:

Հանդիպմանը հնչել է մտահոգություն, որ նախկինում պաշտոնական հավաստիացումներ են եղել առ այն, որ արցախյան հեռահաղորդակցային շուկայում այլ ընկերությունների հայտնվելը հակասում է գործող օպերատորի և Արցախի կառավարության միջև 2001 թ․ կնքված պայմանագրին, որի խզումը ենթադրում է Արցախի կողմից ֆինանսական փոխհատուցումների տրամադրում։ Մտահոգությանն ի պատասխան՝ Ա․ Հարությունյանը հաստատել է, որ պայմանագրում իրոք առկա են նման իրավակարգավորումներ։ «Պայմանագիրը շուտով կհրապարակվի, և դուք կհամոզվեք, որ, այո՛, նման դրույթներ այնտեղ առկա են, հստակորեն ֆիքսված են նաև վեճերի կարգավորման իրավական արբիտրաժային մեխանիզմները։ Ցանկանում եմ նշել, սակայն, որ հավասար պայմաններով նոր օպերատորների հավանական մուտքը և մենաշնորհային ռեժիմի դե-ֆակտո դադարեցման պատրաստակամությունը հնարավոր են դարձել իմ և ընկերության սեփականատիրոջ միջև բանակցություններում ձեռք բերված բանավոր համաձայնության միջոցով։ Ապագայում նախատեսվում է նաև գրավոր տեսքի բերել այդ համաձայնությունը»,- ասել է պետնախարարը։

«Բացի պայմանագրով նախատեսված մենաշնորհի վերացումից, պայմանավորվածություն եմ ձեռք բերել սեպտեմբերի 1-ից հետվճարային բաժանորդներից գանձվող բաժանորդավճարը նվազեցնել 50 տոկոսով, րոպեավճարը՝ 20 տոկոսով, նույն չափով կնվազի նաև ռոումինգ ծառայության վճարը: Սեփականատերը պարտավորվել է նաև մոտ 11 մլն եվրոյի ներդրում կատարել, ինչպես նաև համապատասխան միջոցներ ձեռք առնել մինչև տարեվերջ 3G ծառայության և համացանցի որակի բարելավման ու դրանց սակագների նվազեցման ուղղությամբ: Բացի նշվածից, նաև կգործեն տարբեր սակագնային փաթեթներ, որոնց գնային առաջարկները շատ ավելի շահավետ կլինեն բաժանորդների համար»,- ասել է Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշել է, որ առաջիկայում կհրավիրվի գնահատում իրականացնող միջազգային լիցենզավորում ունեցող ընկերություն, որը կգնահատի «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության արժեքը՝ կատարված ներդրումներով հանդերձ, քանի որ սեփականատերը ցանկություն է հայտնել վաճառել ընկերությունը գնահատված արժեքից նույնիսկ ավելի ցածր գնով և ներդնել գործարքից ստացված գումարն Արցախի գյուղատնտեսության ոլորտում։

Մեկնաբանել