ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը․ Դավիթ Հարությունյան

Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը լրագրողների առջև հանդես է եկել հայտարարությամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների և արտահերթ ընտրությունների մասին։

«Մենք պատրաստ ենք թե՛ Ընտրական օրենսգրքի շուրջ, թե՛ արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումների, սակայն համարում ենք, որ այդ քննարկումները պետք է տեղի ունենան քաղաքական ուժերի միջև։ Խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին։ Սա է պահանջում սկզբունքորեն թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը։ Առ այս պահը նման քննարկումների մասնակցելու որևէ առաջարկություն մենք չենք ստացել, բայց հայտնում ենք մեր պատրաստակամությունը։

Երկրորդ կարևոր տարրը, որ կցանկանայի նշել, մենք ողջունում ենք Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմներ ներդնելով։ Մասնավորապես՝ որպես կարևորագույն մեխանիզմներ պարոն Փաշինյանը նշել է հետևյալը, որ պետք է լինի մատնահետքերի մեկ միասնական, միմյանց հետ փոխկապակցված բազա։ Մենք համարում ենք, որ սա շատ օգտակար առաջարկություն է, և պատրաստ ենք մասնակցելու Ընտրական օրենսգրքին՝ հատկապես պաշտպանելու պարոն Փաշինյանի արտահայտած այդ դրույթը։ Ինչպես նաև մեկ այլ դրույթ, համաձայն որի պետք է ապահովվի ցուցակների մոբիլությունը։ Այսինքն, համակարգը պետք է փոխկապակցված լինի սահմանային անցումային կետերին, և եթե որևէ անձ անցնում է սահմանը, նրա քվեարկության հնարավարությունը ավտոմատ կերպով պետք է արգելափակվի։

Ինչ վերաբերում է ռեյտինգային համակարգին,- ես ստիպված օգտգարոծում եմ սխալ արտահայտությունը, որովհետև խոսքը վերաբերում է բաց ցուակներով համամասնական ընտրակարգին,- մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ այդ համակարգը շատ օգտակար է։ Այն երկրներում, որտեղ խոսքը 100 տոկոսանոց համամասնական համակարգի մասին, այդ երկրներում քաղաքականությունը սկսում է կենտրոնանալ մայրաքաղաքներում, այդ երկրներում ընտրողը ձայն տալով այս կամ այն կուսակցությանը՝ չգիտի անգամ, թե կոնկրետ որ պատգամավորն է իրեն ներկայացնում խորհրդարանում։ Եվ այդ երկրներում շատ մեծ դերակատարում է ստանձնում կուսակցության վերնախավը։ Հաճախ դա առաջացնում է բացասական այնպիսի երևույթ, որը կոչվում է մարդ-կուսակցություն։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ դրա համար պետք է լինեն որոշակի նախադրյալներ, մենք պատրաստ ենք քննարկել այդ հարցը, թեև, կրկնում եմ, Հայաստանի ապագայի համար նման համակարգը համարում ենք հույժ կարևոր»։  

Դավիթ Հարությունյանից հետո լրագորղներին է մոտեցել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նա ասել է, որ նիստին ներկա էր կուսակցության առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը [նիստին չի մասնակցել կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը – խմբ․]։

Շարմզանովը նշել է, որ իրենք հավանություն են տալու Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին։