Հանրային վերահսկողություն՝ պաշտոնյաների նկատմամբ․ կառավարության ծրագրի նախագիծ

Հայաստանի կառավարությունը հունիսի 1-ի նիստում հաստատեց կառավարության ծրագրի նախագիծը։ Նախագծում առանձին բաժին հատկացված է կոռուպցիայի դեմ պայքարին։

Կառավարությունում համոզված են, որ «մեր հասարակության ու պետության կյանքի վրա ամենակործանարար ազդեցություն ունեցող երևույթներից մեկը կոռուպցիան է»։

Այս առումով նպատակադրված են ստեղծել մասնագիտացված, անկախ հակակոռուպցիոն մարմին, որը ոչ միայն հնարավորություն կունենա իրականացնել մշտադիտարկում, վերահսկողություն և ուսումնասիրություններ, այլև օժտված կլինի օպերատիվ-հետախուզական, հետաքննական և նախաքննական գործառույթներ իրականացնելու իրավասությամբ։ Ստեղծվելիք մարմնին կվերապահվի կոռուպցիոն իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը: Այս մասին նշվում է կառավարության ծրագրի նախագծում, որը հաստատվեց հունիսի 1-ին։

Ըստ գործադիրի՝ «կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորագույն նշանակություն ունի իրական հանրային վերահսկողությունը պետության առաջին դեմքերի, նրանց ընտանիքի անդամների, մերձավոր ազգականների գործունեության և ունեցվածքի նկատմամբ։ Նրանց կոռուպցիոն ներգրավվածությունը բացառելու համար նախատեսվում են որոշակի օրենսդրական նորամուծություններ»։

Օրինակ՝ նախատեսում են այնպիսի համակարգ ներդնել, որ «ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք նոտարական կարգով կլիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չպիտի կարողանան լինել բարձրաստիճան պաշտոնյա»:

Բացի այդ, մեկ այլ համակարգի համաձայն՝ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որոնց գինը ձեռքբերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, «պետք է ենթարկվի խորը և համապարփակ քննության»։

Նախագծով նախատեսվում է նաև ընդլայնել հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների ցանկը։

Կառավարության ծրագիրը քննարկելու համար հունիսի 7-ին տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել