Ադրբեջանը դիրքերն առաջ է տանում՝ օգտվելով անցումային վիճակից Հայաստանում

էմիլ Սանամյանը։Վաշինգտոնում բնակվող լրագրող և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ, ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի համալարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի Focus on Karabakh նախագծի խմբագիր Էմիլ Սանամյանը հոդվածում անդրադառնում է Հայաստան-Նախիջևան սահմանային վերջին դեպքերին, երբ ադրբեջանցիները մի քանի բարձունքներում դիրքեր էին զբաղեցրել՝ նշանառության տակ ունենալով հայկական բնակավայրեր։

Ըստ Razm.info կայքի հրապարակած նոր արբանյակային պատկերների՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում ադրբեջանական ուժերը կառուցել են նոր ճանապարհներ և խրամատներ Նախիջևանի հյուսիսարևելյան շրջանի մի քանի վայրերում, որոնք նախկինում չեզոք գոտի էին։ Թեև այդ քայլը տեղի ունեցավ առանց ռազմական գործողությունների, Ադրբեջանի ձեռք բերած տարածքի չափը՝ 10-15 քկմ, ավելի մեծ է 2016 թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական ուժերի կորցրած տարածքից և հանդիսանում է 1994թ. հրադադարից ի վեր Ադրբեջանի ամենամեծ միանգամյա առաջխաղացումը։ Այդ տարածքները գտնվում են ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա Հայաստանի գլխավոր Հյուսիս-հարավ մայրուղուց, որը կապում է Երևանը Վայոց ձորի, Սյունիքի և Արցախի հետ:

Առաջխաղացումը տեղի է ունեցել մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց մեկ շաբաթ և մայիսի 10-ին՝ Դավիթ Տոնոյանի՝ Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինելուց մի քանի օր անց: Նշանակալիորեն, մայիսի 16-ին Իլհամ Ալիևը այցելել էր Նախիջևան և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին: Տոնոյանը՝ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի ուղեկցությամբ, մայիսի 18-ին այցելել էր Նախիջևանի սահման: Ադրբեջանը մայիսի 20-ին հայտնեց Նախիջևանում սպանված զինծառայողի մասին: Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ «վերջին շաբաթների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում` իրենց դիրքերը բարելավելու և առաջ տանելու համար»: Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նման քայլերը «չեն կարող մնալ անպատիժ»:

Մայիսի 22-ին Նախիջևանի հայկական դիրքերից մեկում հայ զինծառայող էր զոհվել՝ հրազենային կրակից։ Մայիսի 24-ին Փաշինյանը պաշտոնից ազատեց Գլխավոր շտաբի պետ, գեներալ Մովսես Հակոբյանին: Սակայն հակառակ սպասվածի, այդ պաշտոնում Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ Օնիկ Գասպարյանի փոխարեն Փաշինյանը նշանակեց գեներալ Արտակ Դավթյանին: Նախկինում Գլխավոր շտաբի գործողությունների երկարաժամկետ ղեկավար Դավթյանը անցյալ տարվանից ի վեր ղեկավարում է 5-րդ բանակային կորպուսը, որը պատասխանատու է Նախիջևանի սահմանի այն հատվածի համար, որում ընդամենը մի քանի շաբաթ առաջ եղել են ադրբեջանական տեղաշարժերը: Հակոբյանը նշանակվեց Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ:

Զարմանալիորեն, Դավթյանի նշանակումը հրապարակայնորեն քննադատության արժանացավ նախկին պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի կողմից: Հայաստանի առաջատար հետախուզող լրագրող Էդիկ Բաղդասարյանը իր հերթին նշեց, որ Դավթյանը պատասխանատվություն է կրում Նախիջևանում տեղի ունեցած հետընթացի համար: Սոցցանցերում հաղորդագրությունների համաձայն՝ Ադրբեջանի վերատեղակայումները մտահոգություններ են առաջացնում հարևան սահմանամերձ գյուղերում, մասնավորապես, Արենիում, որտեղից հեռադիտակով կարելի է տեսնել մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կըզըլկայա սարի վրա գտնվող ադրբեջանական նոր դիրքը: Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը փորձել է նվազեցնել այդ քայլի կարևորությունը, ընդգծելով, որ դրանք տեղի են ունեցել սահմանի ադրբեջանական կողմում:

Վերջին փաստարկը, կարծես, նպատակ ունի արդարացնել անգործությունը։ Թեև Google քարտեզները և քարտեզագրման այլ ծրագրերը արտացոլում են Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական գիծը, այս սահմանագիծը շարունակում է մնալ ոչ պաշտոնական կողմնորոշիչ, մինչև այն պաշտոնապես կսահմանագծվի երկու անկախ հանրապետությունների կողմից: Տարբեր սահմանամերձ շրջաններում, ներառյալ Նախիջևանը, գոյություն ունեն Հայաստանի հսկողության տակ գտնվող խորհրդային Ադրբեջանի տարածքների հատվածներ, և Ադրբեջանի հսկողության տակ գտնվող խորհրդային հայկական տարածքների հատվածներ: Փաստացի սահմանը նշվում է ռազմական դիրքերով և խրամատների գծերով, որոնք նույնպես հստակ երևում են Google քարտեզներում:

Տարիների ընթացքում երկու կողմերն էլ ամեն կերպ ձգտել են այդ սահմանը առաջ տանել։ Մասնավորապես, լեռնային շրջաններում, ինչպիսին է Նախիջևանը կամ Արցախի հյուսիսը, ուշ գարնանը – վաղ ամռանը տաք ջերմաստիճանն ու ձնհալը հնարավորություն են ընձեռում առավել բարենպաստ դիրքեր գրավելու համար: Այսպիսով, 2014 և 2015 թթ. հայկական ուժերը Նախիջևանի հետ սահմանի մեկ այլ հատվածում զգալի տարածքային առաջընթաց են կատարել: Իսկ 2008-ին նման վերատեղակայում տեղի է ունեցել հյուսիսային Ղարաբաղում: Այլ տեղերում ադրբեջանական ուժերը ևս իրենց դիրքերը տեղափոխեցին ավելի մոտ ու ավելի բարձր:

Մինչ վերջերս երկու կողմերն էլ խուսափել են Նախիջևանում լարվածության աճից: Քիչ հայտնի է այն փաստը, որ 1992թ. մայիսին այն ժամանակ Նախիջևանի առաջնորդ Հեյդար Ալիևը բանակցություններ էր վարում Հայաստանի հետ՝ առանձին հրադադարի մասին, դադարեցնելով այդ տարածքում պատերազմական գործողությունները, նույիսկ երբ Ղարաբաղում ծավալված լայնածավալ պատերազմը շարունակվեց ևս երկու տարի։ Վերջին տարիներին Ադրբեջանը սկսեց զարգացնել Նախիջևանում իր ռազմական ուժերը, որն այժմ ներառում է Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսրայելից և Թուրքիայից ստացված հեռահար հրետանի, որն ունի 90 և ավելի կմ հեռավորության վրա կրակելու հնարավորություն: Սպառնալիքների սիրահար Իլհամ Ալիևը և ադրբեջանացի այլ պաշտոնյաներ հայտարարել են, որ կարող են հրթիռային հարձակումներ իրականացնել Երևանի ուղղությամբ, որը գտնվում է Նախիջևանի սահմանից մոտ 70 կմ հեռավորության վրա:

Այս ամսվա սկզբին, երբ Փաշինյանն այցելեց Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած ազդեցիկ դեմքերը սոցիալական ցանցերում արշավ սկսեցին, որը կոչ էր անում հրթիռային հարձակումներ իրականացնել Ստեփանակերտի ուղղությամբ: Լուսանկարներում ավագ դպրոցականներ և ուսանողներ էին՝ #XankendiVur (ադրբեջանից թարգմանաբար՝ «Խփել Ստեփանակերտին») գրառումով պաստառներով։

Թեև ադրբեջանցի պաշտոնյաները չեն մեկնաբանում Նախիջևանում տեղի ունեցող զարգացումները, իշխանամետ լրատվամիջոցները վերցրին ադրբեջանական առաջխաղացումների մասին հայկական զեկույցները` չափազանցելով իրենց ազդեցությունը որպես հայկական տարածքների նկատմամբ «վերահսկողության ձեռք բերում»: Թե՛ Ադրբեջանում և թե՛ Հայաստանում քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցները հաճախ շփոթում են տարածքները «դիտարկելը» այդ տարածքները «վերահսկել» կարողանալու հետ։

Այնուամենայնիվ, Նախիջևանի հյուսիսում Ադրբեջանի տեղաշարժերը ռազմական առումով աննշան չեն։ Ադրբեջանի կառավարությունը կարծես շփոթման էր մատնվել՝ Հայաստանում քաղաքական զարգացումների տեմպերի հետ: Բայց հիմա Ալիևը օգտվել է Հայաստանի կառավարության անցումային վիճակից և հրամանատարության շղթայում հարակից խառնաշփոթից: Մնում է տեսնել՝ արդյոք այժմ արդեն ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը դա կդարձնի՞ քաղաքական էական հարց՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի կառավարության նոր ծրագիրը քննարկելիս։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English.

Մեկնաբանել