Երևանի սուպերմարկետներում գյուղմթերքը թանկացել է ԱԱԾ գործողություններից հետո

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է արել չօգտվել այն խանութներից, որոնք բարձրացրել են մթերքի գները։

«Նրանք ովքեր ուզում են արհեստական թանկացումներով ապացուցել, թե ապօրինությունն ավելի լավ է, քան օրինականությունը, շատ արագ իրենց վրա կզգան օրինականության համոզիչ ուժը: Բոյկոտեք թալանչիներին և կոռուպցիոներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։

11 առևտրային ցանցեր վարչապետին բաց նամակ են հղել։ Նրանք ողջունում են առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը, սակայն մտահոգություն հայտնում, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում` գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ։

Երևանի սուպերմարկետներում մսամթերքի և գյուղմթերքի գները բարձրացել են Ազգային անվտանգության ծառայության՝ անցած շաբաթ իրականացրած գործողություններից հետո։ ԱԱԾ-ն հայտարարել է սուպերմարկետների 11 խոշոր ցանցերում չարաշահումների մասին։ Կառույցը ստուգումներ է իրականացրել Հայաստանի խոշորագույն «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում և հայտնաբերել հարկերից խուսափելու խոշոր խախտումներ։ («Երևան Սիթի» ցանցը պատկանում է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին)։

ԱԱԾ-ն հայտարարել է, որ «Երևան Սիթի» խանութների ցանցը, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել հարկային կառույցի նախկին ղեկավարության հետ և գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը իրականացնել է հարյուրավոր անձանց միջոցով՝ նրանց գրանցելով որպես անհատ ձեռներեցներ։ Գրանցված անհատ ձեռներեցները գործունեություն են ծավալել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում։ ԱԱԾ-ի նախնական հաշվարկի համաձայն` թվով 461 անհատ ձեռներեցների միջոցով ընդհանուր վաճառքի շրջանառությունը կազմել է ավելի քան 40 միլիարդ դրամ (մոտ 83 մլն ԱՄՆ դոլար), որից վճարվել է 2 տոկոս շրջանառության հարկ, այնինչ՝ օրինական գործունեություն ծավալելու դեպքում այդ գումարից պետք է վճարեր 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկ:

Հայաստանում սուպերմարկտների ցանցերին գյուղմթերք մատակարարող գյուղացիները մեծամասամբ աշխատում են առանց փաստաթղթերի։ Խանութները նրանցից մթերքը գնում են կանխիկ գումարով՝ առանց հաշիվ-ապրանքագրերի։

Վերջին երկու օրերի ընթացքում Երևանի սուպերմարկետներում, օրինակ, տավարի մսի 1 կգ-ն 2700 դրամից հասել է 3700 դրամի ։

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ՊԵԿ-ում տեղյակ են եղել, որ մեկ սուպերմարկետի հասցեում գործել են մեկից ավելի տնտեսվարողներ, այդ սխեման գործել է երկար տարիներ։ Նա նշել է, որ գործել են հարկման տարբեր ռեժիմներ ոչ միայն «Երևան Սիթի»-ի, այլև ցանցային առևտրով զբաղվող բոլոր մյուս սուպերմարկետներում։

Ինչո՞ւ Պետեկամուտների կոմիտեն այդքան ժամանակ ունենալով նման տեղեկություն, ոչինչ չի ձեռնարկել։ Մաշադյանն ասել է՝ չեն ձեռնարկել, քանի որ օրենքով նման գործունեությունն արգելված չէ։

Իր հերթին Պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ նախկին կառավարության հետ պայմանավորվածությունները չեն գործելու։ Նա տնտեսվարողներին ասել է, որ պետք է աշխատել նոր կանոններով, օրենքի դաշտում։

Մեկնաբանել