Մասիսի քաղաքապետը ազատ է արձակվել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը։ Այս մասին տեղեկացրել է Համբարձումյանի պաշտպանը՝ Տիգրան Աթանեսյանը։

Նա հաղորդում է, որ դատարանը կարգադրել է նրան անհապաղ ազատ արձակել՝ միևնույն ժամանակ մերժելով նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը։

Դավիթ Համբարձումյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի շրջանակներում։

Քննչական կոմիտեից տեղկացնում են, որ այդ օրը մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այսինքն՝ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Գևորգ Թոսունյան