«Երևան Սիթի»-ն գները վերադարձնում է նախկին մակարդակին

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով վերջին օրերին բարձրացված գները նախկին մակարդակին վերադարձնելու մասին:

«Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները ՀՀ ՊԵԿ (Պետական եկամուտների կոմիտե – ՍիվիլՆեթ) նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի և մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցված տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները:

Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի, և դրանք անփոփոխ են:

Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Ֆեյսբուքի էջում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը քիչ առաջ տեղեկացրել է, որ ժամը 16:00-ից ցանցի մրգի, բանջարեղենի և մսի գները նվազել են:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել էր առևտրային որոշ ցանցերում թանկացումներին՝ կոչ անելով բոյկոտել «թալանչիներին ու կոռուպցիոներին»:

Այսօր նա շրջայց է կատարել մի քանի խանութներում և արձանագրել, որ «ամեն ինչ նորմալ է»:

Օրերս Ազգային անվտանգության ծառայությունը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել էր հարկերի վճարումից խուսափելու սխեմա, կեղծ ձեռնարկատիրություն իրականացնող հարյուրավոր ԱՁ-ներ: