Բակո Սահակյանի անփառունակ պաշտոնավարումը մոտենում է ավարտի. Ալեքսանդր Քանանյան

Հայագետ, Քարվաճառում բնակվող Ալեքսանդր Քանանյանը անդրադարձել է Արցախում տիրող ներքաղաքական իրավիճակին: Նա վստահ է՝ Բակո Սահակյանի պաշտոնավարումն ավարտվում է և «նոր սահմանադրությունը նրան չի փրկելու»: Քանանյանի գրառումը՝ ստորև:

«Արցախի մարզպետ Բակո Սահակեանի անփառունակ պաշտօնավարումն անշեղօրէն մօտենում է բնականոն աւարտի։ Նրան, ճիշտ այնպէս, ինչպէս եւ նրա երեւանեան վերադասին, «նոր սահմանադրութիւնը» չի փրկելու․․․ Այս պահին վաղաժամ է անդրադառնալ յիշեալ անձի կառավարման օրօք Արցախում կատարուած տնտեսական յանցագործութիւնների ծաւալին եւ մեղաւորներին։ Դրա ժամանակն էլ է գալու․․․

Նախ՝ պէտք է խօսել Բակո Սահակեանի ազգային անվտանգութեան եւ պետութեան դէմ գործած քաղաքական յանցագործութիւնների շղթայի մասին։

Ա․ Բակո Սահակեանը 2007 թ․ նախընտրական շրջանից սկսած աչքի է ընկել քաղաքացիների վարչական եւ ուժային շարունակական ահաբեկմամբ, ատելութեան զանգուածային քարոզչութեամբ, քաղաքացիական իրաւունքների սանձարձակ ոտնահարմամբ եւ վարչական ու քրէական բնոյթի մանրախնդիր վրէժխնդրութեամբ։

Բ․ Բակո Սահակեանի պաշտօնավարման շրջանում տեղի ունեցած բոլոր մարզային ընտրութիւնները մշտապէս ուղեկցուել են ընտրակարգի կոպտագոյն եւ քրէօրէն պատժելի խախտումներով։ Ընտրական իրաւունքի ոտնահարման եւ պետական իշխանութեան յանցաւոր իւրացման գագաթնակէտը՝ Արցախի նոր «սահմանադրութիւնն» է, որի ի յայտ գալու միակ պատճառը Բակո Սահակեանի՝ մինչեւ 2030 թ․ պաշտօնավարելու անթաքոյց ձգտումն էր։ Այդ «սահմանադրութիւնը» փաստացի վերացնում է նաեւ ՏԻՄ ընտրութիւնների համակարգը, որը միակ հարթութիւն էր, որտեղ քաղաքացիները երբեմն կարողանում էին յաջողութեամբ դիմադրել վարչական պարտադրանքին եւ իրենց կամեցած համայնքապետ ընտրել։

Գ․ Բակո Սահակեանը կրում է անմիջական պատասխանատուութիւն վերաբնակեցման միտումնաւոր կասեցման համար։ (Վերջին տարիներին ծիծաղելի ծաւալներով եւ գերազանցապէս սփիւռքեան միջոցներով կատարուած «շինարարութիւններն» ի հեճուկս քարոզչական բարձրագոչ հաւաստիացումների, ի զօրու չեն ապացուցել հակառակը)։

Դ․ Բակո Սահակեանի հովանու ներքոյ գործող ուժայինների խմբակն օգտագործում է ԱԱԾ, Ոստիկանութեան եւ Վետերանների միութեան մարզային կառոյցների լծակներն ու հնարաւորութիւնները՝ անպատժելիութեան միջավայրն արմատաւորելու եւ հակապետական յանցագործութիւններ կատարելու համար։

Կարծում եմ, որ հասունացել է Արցախի ԱԱԾ, Ոստիկանութեան եւ Վետերանների միութեան ղեկավարութեան ինքնակամ եւ անյապաղ հրաժարականի պահը։

Յիշեալ մարմինների մասնակցութեամբ 2015 թ․ բերձորեան զանգուածային ծեծուջարդի եւ 2016 թ․ պատգամաւոր Հայկ Խանումեանի առեւանգման ու բռնութեան ենթարկելու կոծկուած յանցագործութիւնների քննութիւնը պէտք է վերաբացուի եւ ընթանայ հանրութեան եւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների մասնագիտական աջակցութեան եւ հանրային վերահսկողութեան ներքոյ»։

***

2016թ. վերջին Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը ՍիվիլՆեթի տաղավարում մտահոգություն էր հայտնել Արցախի սահմանադրության փոփոխության կապակցությամբ՝ կարծիք հայտնելով, որ Բակո Սահակյանն այն «կարում է իր հագով»:

Մեկնաբանել