LIVE BLOG. Բողոքի ցույց Ստեփանակերտում, հունիսի 3

Հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ, ըստ ականատեսների, ծեծի են ենթարկել երկու քաղաքացու՝ ոստիկանների լռելյայն ներկայությամբ։ Ոստիկանները բերման են ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Երեկ երեկոյան տասնյակ դժգոհ քաղաքացիներ փակել էին քաղաքի ավտոկայանի հարակից կենտրոնական փողոցը։ Նրանց մոտ էր եկել պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Հունիսի 2-ին ցույցը շարունակվոել է։ Քաղաքացիները փակել էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը։ Պետնախարար Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հանդիպել են նրանց, ապա գնացել նախագահ Բակո Սահակյանի մոտ։ Քաղաքացիները բողոքում են ուժային կառույցների կամայականություններից և պահանջում են դրանց ղեկավարների հրաժարականը։

Երեկոյան քաղաքացիները ազատեցին փողոցը, ցրվեցին և հայտարարեցին, որ կվերադառնան առավոտյան։

ՍիվիլՆեթի նկարահանող խումբը մեկնել է Արցախ։ Իրադարձությունների ընթացքը ներկայացնում ենք տեքստային ուղիղ ռեժիմով։ Հունիսի 2-ի իրադարձություններն՝ այստեղ։ Դեպքերը ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

22։28

Ստեփանակերտցի լրագրող Հայկ Ղազարյանը գրում է, որ բանակցություններ են ընթանում Բակո Սահակյանի և ցուցարարների պատվիրակության միջև։ «Հանդիպումը ուղիղ եթերով չի լինելու, սակայն տեսանկարահանվելու է ամբողջ հանդիպումը: Այդպես հասկացա: Պահանջները նույնն են. ուժայինների ղեկավարների հրաժարականներ»։

21։15

18։49

Ստեփանակերտցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը հաղորդում է, որ Բակո Սահակյանի հետ բանակցելու համար որոշում է կայացվեց հինգ հոգանոց պատվիրակություն ուղարկել նախագահական։

17։25

Հանրահավաքին ելույթ է ունեցել ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը։ Նա ասել է, որ այն, ինչ իրեն երեք տարի չէր հաջողվում անել Ազգային ժողովում, մարդիկ երեք օրում արեցին փողոցում։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ Հայկ Խանումյանից առաջ ելույթ է ունեցել պետնախարար Արայիկ Հարությունյանը։

Ցույցի ղեկավարները առանձին հանդիպում են ունենում պետնախարարի հետ։ Նրանց պահանջը նույնն է՝ ուժայինների հրաժարականը։

16։52

Քիչ հետ ցուցարարների մոտ է գալու պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ ցուցարարների պահանջը նույնն է՝ ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների հրաժարականը։

16:30

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախում տեղի ունեցող իրադարձությունները վտանգավոր է համարում:

16:25

Ցույցի ղեկավարները նշում են, որ թյուրիմացություն է եղել՝ իրենք Բակո Սահակյանի հրաժարականը չեն պահանջում։ Պահանջում են ոստիկնապաետի և ԱԱԾ տնօրենի հրաժարականը։ Նրանք ասում են, որ նախագահի հրաժարականը կպահանջեն այն դեպքում, եթե նա այդ պաշտոնյաներին չազատի աշխատանքից։

15:40

Առաջին անգամ ցույցում հնչել է Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ: Թաթուլ Հակոբյանը փոխանցում է, որ իշխանական ցույցը ավարտվել է, Վերածննդի հրապարակը դատարկ է:

15:25

Բողոքի ցույցը շարունակվում է: Հնչում են «Իշխանությունը ժողովրդինն է», «Մենք ենք տերը մեր երկրի» կոչեր:

15:10

14:50

Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը Ֆեյսբուքում գրում է. «Շատանում են Արցախը ՀՀ հետ միավորելու կոչերը։ Նոր մի մարդ բողոքում էր “սահմանին” գտնվող մաքսատներից։

14:40

Արցախի պաշտպանության նախարարության հայտարարությունը

«Սիրելի հայրենակիցներ,

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում կենցաղային հողի վրա տեղի ունեցած ցավալի միջադեպն ստացել է հանրային լայն հնչեղություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ առաջնագծից ոչ այնքան հեռու գտնվող թիկունքում տեղի ունեցող ցանկացած իրադարձություն, որն անգամ թեթևակիորեն կարող է սպառնալ ժողովրդի անվտանգությանը և անդրադառնալ սահմանային իրադրության վրա, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը խորին մտահոգություն է հայտնում այդ եւ դրան հետեւած դեպքերի զարգացման վերաբերյալ:

Ընդունելով յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքի բացարձակ գերակայությունը և անթույլատրելի ու դատապարտելի համարելով բռնության ցանկացած դրսևորում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ առանց այդ էլ արտաքին սպառնալիքների տակ գտնվող մեր երկրի ներքաղաքական իրավիճակն արհեստականորեն սրելու վտանգավոր քայլերից և հարցի հանգուցալուծումը դիտարկել բացառապես իրավական հարթությունում»:

14:30

«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը Արցախում է:

14:19

13:21

Ավտոկայանի մոտ հավաքված ցուցարարներին են միացել մի քանի տասնյակ հադրութցի երիտասարդներ, ինչպես նաև մարտունեցիներ, հաղորդում է Թաթուլ Հակոբյանը։ Այսօր ցույցի ավելի շատ կանայք ու աղջիկներ կան, քան երեկ էին։ Կան նաև մայրեր՝ երեխաները գրկին։

12:56

Ստեփանակերտի ավտոկայանի մոտ հավաքված ցուցարարներին է մոտեցել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Ցուցարարները ողջունել են նրան՝ ասելով՝ «Եկել ես՝ մեր իրավունքները պաշտպամնես»։ Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ ցուցարարները Նիկոլին նվիրված երգն են միացրել և պարում են։

12։38

ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը նշում է, որ սկզբում պարզ չէր, թե ովքեր են Վերածննդի հրապարակում հավաքվածները։ Ավելի ուշ պարզվեց, որ նրանք հակացույց են անում, պահանջում են, որ ուժայինների ղեկավարները մնան իրենց պաշտոններում՝ «Ուժայինները մեր ուժն են» պաստառներով։

12:00

Ստեփանակերտի կենտրոնական՝ Վերածննդի հրապարակում քաղաքացիների այլ խումբ ևս հավաքվել է, հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը։

Արցախցի լրագրող Մարութ Վանյանը հրապարակել է հավաքվածների լուսանկարը։

10։20

Ստեփանակերտում հանրահավաքի մասնակիցները վանկարկում են Հայաստանի Թավշյա հեղափոխության կարգախոսները՝ «դուխով, դուխով»։

10:10

ՍիվիլՆեթի թղթակից Թաթուլ Հակոբյանը հաղորդում է, որ առավոտյան 10-ին քաղաքացիները կրկին փակել են փողոցը և սկսել հանրահավաք։ Ակտիվիստ Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, որ այսօրվա ընթացքում պահանջում են ուժային կառույցերի (բացի բանակից) ղեկավարների հրաժարականը։ Նա նշել է, որ իրենք ձեռքները վեր բարձրացրած գնալու են իրենց պահանջի հետևից։ Այս ձևը, ըստ Թաթուլ Հակոբյանի, նման է Հայաստանում ցույցերի ժամանակ տեղի ունեցածին։

Տեսանյութը՝ շուտով։

9։20

Ստեփանակերտցի քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը և Արցախպրեսի խմբագիր Վահրամ Պողոսյանը խոսում են Արցախում առկա խնդիրների մասին։

9։15

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ֆեյսբուքում ներկայացրել է հունիսի 1-2-ին տեղի ունեցածը։

«Իմ առաջարկներում ես նախագահին առաջարկել եմ որոշ ուժայինների ազատել աշխատանքից, իսկ նախաձեռնության անդամներին խնդրել եմ կրճատել հրաժարականի ենթակա պաշտոնյաների ցուցակը:
Կողմերը դեռևս մնում են իրենց տեսակետ, հունիսի 3-ին ժամը 10-ին Ստեփանակերտի ավտոկայանի մոտ շարունակվելու է բողոքի ակցիան՝ ուժայինների ղեկավարների հրաժարականի պահանջով: Առավոտյան ես կլինեմ ավտոկայանում և կփորձեմ օգտակար լինել խնդրի հանգուցալուծման գործում:»։

Մեկնաբանել