Արցախի խորհրդարանն ստեղծեց 6-հոգանոց քննիչ հանձնաժողով (լրացվող)

Արցախի «Վերածնունդ խմբակցության» նախագահ Հայկ Խանումյանը հայտարարեց, որ ոստիկանապետը և ԱԱԾ պետի տեղակալը պետք է հրաժարական տան։

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Վարդգես Բալայանը խոսեց Արցախում բաց հասարակության ստեղծման անհրաժեշտության մասին, իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանում տեղի է ունեցել «ոչ թե հեղափոխություն, այլ մտածողության երկրաշարժ»։

Արցախի խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց 6-հոգանոց քննիչ հանձնաժողով ստեղծելու որոշում։ Այդ մարմինը պետք է իրականացնի հետաքննություն՝ կապված Ստեփանակերտում հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի և ուժային կառույցների կողմից նախկինում կատարված այլ ապօրինությունների հետ: Այդ մարմնի ուսումնասիրության արդյունքում սպասվում է առնվազն երկու ուժային կառույցների ղեկավարների հրաժարականը։

Հունիսի 1-ին Ստեփանակերտում տեղի էր ունեցել բախում երկու քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև։ Արդյունքում ԱԱԾ աշխատակիցները մոտ 15 հոգով ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիների։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։

Ըստ հաղորդումների, ծեծկռտուքի կենտրոնում եղել է ԱԱԾ ղեկավար Արշավիր Ղարամյանի որդին։

Ցուցարարները պնդում են, որ Արցախում բազմաթիվ ապօրինություններ կապվում են նաև ոստիկանության պետ Կամո Աղաջանյանի հետ։

Թաթուլ Հակոբյան, Ստեփանակերտ