Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահի հետ

Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ և մտահոգություն հայտնել Ստեփանակերտում տեղի ունեցող բողոքի ցույցերի կապակցությամբ։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, 3 Յունիս 2018-ի երեկոյեան, հեռաձայնային կապ հաստատեց Արցախի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ՝ Տիար Բակօ Սահակեանին հետ եւ իր մտահոգութիւնը յայտնեց Ստեփանակերտի մէջ տեղի ունեցող ժողովրդային ցոյցերուն գծով։

Պարոն նախագահը ընդհանուր գծերով Վեհափառ Հայրապետին պարզեց տիրող կացութիւնը ու անոր դրդապատճառները։ Նորին Սրբութիւնը իր զօրակցութիւնը յայտնելով Պրն. նախագահին եւ Արցախի ժողովուրդին՝ շեշտեց, թէ Հայաստանի ու Արցախի դիմագրաւած ներկայ մարտահրաւէրները վստահաբար մեր ժողովուրդի սիրելի զաւակները ու Արցախի իշխանութիւնը, փոխադարձ հասկացողութեամբ, պիտի առաջնորդեն խոհեմութեան ու զգօնութեան՝ հեռու մնալով այնպիսի մթնոլորտի ստեղծումէ, որ կրնայ վնասել Արցախի անվտանգութեան»,- ասված է հաղորդագրությունում։