Ստեփանակերտում դադարեցնում են բողոքի գործողությունները․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո Ստեփանակերտի հանրահավաքի համակարգող կոմիտեն հայտարարել է, որ «հաշվի առնելով Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ դադարեցնում են բողոքի գործողությունները»։ Երեկ այս մասին գրառում է արել վարչապետը և ավելացրել․ «Հպարտ եմ ձեզանով՝ Արցախի հանրապետության Հպա’րտ քաղաքացիներ»։

Ավելի վաղ իր էջում Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին հորդորել էր դադարեցնել ցույցը և սպասել Ազգային ժողովի ստեղծած հանձնաժողովի աշխատանքի արդյունքներին։

Փաշինյանը նշել էր, որ ցուցարարների ներկայացուցիչների և Արցախի նախագահի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, և պետք է այժմ հնարավորություն տալ, որ այդ պայմանավորվածությունը կյանքի կոչվի։ 

«Գնդակը հիմա Արցախի իշխանությունների դաշտում է»,- ասել է Փաշինյանը։

Երեկ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը արտահերթ նիստում որոշում ընդունեց ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի Ստեփանակերտում բողոքի ցույցեր հարուցած միջադեպի պատճառները և պատասխանատվության կհրավիրի մեղավորներին։

Հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում սկսվեց բողոքի ցույց, քաղաքացիները փակեցին կենտրոնական փողոցներից մեկը։ Պատճառը նույն օրը տեղի ունեցած միջադեպն էր երկու քաղաքացիների և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների միջև։ Ավտոլվացման կետում սկսված վիճաբանությունը վերաճել էր ծեծկռտուքի, արդյունքում անվտանգության ծառայության մոտ 15 աշխատակից ծեծի էին ենթարկել երկու քաղաքացիներին։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Ծեծվածներն ավելի ուշ տեղափոխվել էին հիվանդանոց։

Քաղաքացիները պահանջում են ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնազրկումը։ Կիրակի երեկոյան նրանք հանդիպում ունեցան նախագահ Բակո Սահակյանի հետ, որի արդյունքում էլ երկուշաբթի գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նիստ։