Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Ֆելիքս Ցոլակյանը հայտարարել է խմբակցությունը լքելու մասին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ազգային Ժողովի պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային ընտրակարգով և ունեմ ուղղակի պարտավորություններ իմ օգտին քվեարկած մեր հայրենակիցների և ողջ Շիրակ աշխարհի առջև՝ շարունակելու եմ հանդես գալ որպես անկախ պատգամավոր և ներկայացնել մեր ժողովրդի խնդիրները»,- Ֆեյսբուքում գրել է նա։
Շիրակի նախկին մարզպետ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից միակ պատգամավորն էր, որը մայիսի 1-ին Ազգային ժողովում կողմ էր քվեարկել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։
Անցյալ շաբաթ ՀՀԿ խմբակցությունից դուրս են եկել ևս երեք հոգի՝ Արթուր Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը և Արման Սահակյանը։
Ներկայում ՀՀԿ-ն 105 հոգանոց խորհրդարանում դեռևս ունի մեծամասնություն՝ 54 ձայն։