Ինչպես դարձնենք մեր գրպանը թափանցիկ․ առաջարկներ կառավարությանը

Ես լրագրող Անի Գրիգորյանն եմ՝ ՍիվիլՆեթի Քո գրպանից շարքի հեղինակը։ Մեր վճարած հարկերի՝ ուր ուղղվելը, առաջնահերթությունների սահմանումը և պետական կառույցների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը եղել են «Քո գրպանից» շարքի ավելի քան 120 հաղորդումների թեման։ Իմ պատրաստած նյութերում անդրադարձել եմ տարբեր չարաշահումների, կոռուպցիոն սխեմաների, շահերի բախում պարունակող գործարքների, պետական միջոցների շռայլության և գումարների անբարեխիղճ տնօրինման դեպքերի։

Քո գրպանից շարքի նյութեր պատրաստելը հաճախ շաբաթներ է տևում, երբեմն՝ ամիսներ, երբ ստիպված եմ հարմարվել տարբեր կառույցների կողմից Տեղեկատվության տրամադրման օրենքի սահմանած մեկամսյա ժամկետի կարելիության չարաշահմանը, երբեմն՝ տեղեկատվություն չտրամադրելու համառությանը։

Այս շարքի նյութեր պատրաստելը նաև ծախսատար է, քանի որ ընկերությունների մասին ցանկացած տեղեկատվություն, որ կարելի է ստանալ Կառավարության Էլեկտրոնային ռեգիստրից, ծառայության վճար է ենթադրում։ Ավելին, ոչ բոլոր ընկերություններին վերաբերող տեղեկատվությունն է ամբողջական, և ոչ բոլոր իրավաբանական անձանց տվյալներն են հասանելի (մասնավորապես, ԲԲԸ և ՓԲԸ-ի դեպքում)։

Ավելին, տարիների աշխատանքիս մեջ հետևողականությունն ու համառությունը նաև «արգասիք» ունեցավ, երբ 2016-ին պատրաստեցի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի՝ պետական միջոցների հաշվին ռուսաստանաբնակ հայ գործարարի որդու հարսանիքին մեկնելու մասին տեսանյութը. ամիսներ անց Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Գնումների մասին» օրենքում՝ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի նախագահի և վարչապետի արարողակարգային ծախսերը դարձնելով պետական գաղտնիք։ Այսպիսով ավելի բարդացնելով մեր՝ լրագրողներիս աշխատանքը, ու հնարավոր դարձնելով պետական միջոցների ոչ թափանցիկ տնօրինումը՝ նպաստելով հանրության անվստահության և դժգոհության մեծացմանը։

Երկրի ղեկավարի կողմից պետական միջոցները անձնական ու կուսակցական նպատակներով օգտագործելը, պետական մարմինների կողմից պատգամավորից տարածքների վարձակայությունը, պետական կառույցի կողմից ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը կառույցի ղեկավարի փեսայի կամ բարեկամի հետ ու մի շարք այլ խնդիրներ եղել են նախկին հաղորդումներիս թեմաները։

Գրում եմ՝ հույսով, որ Թավշյա հեղափոխության արդյունքում ստեղծված նոր կառավարությունը, ի տարբերություն նախորդի, նմանատիպ հաղորդումների թեմա չի ստեղծի, իսկ ստեղծելու դեպքում՝ խնդիրը համապատասխան արձագանք կստանա իրավապահ մարմինների կողմից և չի մնա միայն հանրային դժգոհության, անվստահության ու հուսահատության պատճառ։

Գրում եմ՝ հորդորելով նոր կառավարությանը՝ առավելագույնս թափանցիկ դարձնել պետական մարմինների գործունեությունը և․

վերաբացել արարողակարգային ծախսերի մասին տեղեկավտությունը,

– անվճար դարձնել Էլեկտրոնային ռեգիստրը (գոնե լրագրողների համար),
– հասանելի դարձնել ԲԲԸ-ների և ՓԲԸ-ների մասին տեղեկատվությունը,
– տեսանելի ու հեշտ կառավարելի դարձնել պետական գնումների տվյալների շտեմարանները, համայնքային և պետական բյուջեները,
– տեսանելի դարձնել պետական մրցույթների հայտարարությունները և կարգերը, ընտրության չափանիշներն ու արդյունքները,
– ԿԲ-ն նախկինում օրական կտրվածքով դնում էր Երևանի ֆոնդային բորսայում իրականացված գործարքների մասին տեղեկատվությունը։ Այժմ դա արվում է ամսական կտրվածքով։ Վերադառնալ նախկին ձևին։

Այց ցանկը շարունակելի է։ Հորդորում եմ իմ գործընկերներին իրենց առաջարկները ևս ներկայացնել։

Գրում եմ՝ հույսով, որ լավագույնս կօգտագործենք այս հնարավորությունը ու տե՛ր կլինենք մեր գրպանին ու մեր երկրին։

Անի Գրիգորյան, «Քո գրպանից» հեղինակային հաղորդման վարող

Մեկնաբանել