Դատախազը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Մասիսի քաղաքապետի ու տեղակալի պաշտոնավարումը

Դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ «բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը»․ ՍիվիլՆեթին տեղեկացրեց Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով քննվող քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանդիսանում են հանրային ծառայության մեջ գտնվող անձինք:

Հիշյալ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով այսօր կայացրել է Դ. Համբարձումյանի և Կ. Օհանյանի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին որոշումներ՝ գտնելով, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նրանք կխոչընդոտեն մինչդատական վարույթում գործի քննությանը:

Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ որոշումները կատարման նպատակով ուղարկվել են Մասիսի քաղաքապետարան, մաժամանակ իրազեկելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը»,- հայտնեց Արևիկ Խաչատրյանը:

Մայիսի 31-ին Մասիսի քաղաքապետն ու նրա տեղակալը ձերբակալվեցին։ Նրանք մեղադրվում են ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեջ:

Ըստ Քննչական կոմիտեի՝ այդ օրը մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, այսինքն՝ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու և քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու համար։

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրեց նրան անհապաղ ազատ արձակել, միևնույն ժամանակ մերժեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու քննիչի միջնորդությունը։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել