Տնտեսագիտական համալսարանին ոչ թե restart, այլ առնվազն update է անհրաժեշտ

Ալբերտ Հայրապետյան

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) Տարոն Մարգարյանի «պաշտպանությունից» այդպես էլ դասեր չեն քաղել․․․

Վերջին ժամանակներս Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մամուլի ուշադրության կենտրոնում էր և ամենևին ոչ դրական լույսի ներքո։ Երբեմնի համախոհներ և բարեկամներ, Տարոն Մարգարյանի ատենախոսության տխրահռչակ պաշտպանության ժամանակ միմյանց թև ու թիկունք կանգնող և ուսխորհրդականներից մեկի խոսքով «չինական պատ» կազմող  ՀՀԿ անդամներ ռեկտոր Կորյուն Աթոյանի և ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախկին նախագահ, ՀՊՏՀ քոլեջի արդեն նախկին տնօրեն Սերգեյ (Սերգո) Խառատյանի հակամարտությունը դուրս էր եկել անհամար միջանձնային գզվռտոցներ տեսած ՀՊՏՀ պատերից և ողողել լրատվական դաշտը՝ հիշեցնելով Բրիժիտ Մանսեի ծծնդյան խնջույքին հավաքվածներին, ովքեր միասին բարեկամաբար ընթրում ու զվարճանում էին, սակայն գերմանացի զինվորների հայտնվելուն պես պատրաստ էին միմյանց նենգաբար դավաճանել՝ սեփական կաշին փրկելու համար (տես Վահե Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Le Repas des fauves) վիպակը)։

Իսկ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջի կողմից Խառատյանի մասնակցությամբ անախորժ միջադեպի տեսագրության տեղադրումը (որում ակնբախ է, որ նախկին ուսխորհրդական և երիտհանրապետական Խառատյանը ապտակում է մի տղամարդու, ով, ըստ երևույթին, պրոռեկտոր Մ․ Հարությունյանի վարորդն է) և ինչ-ինչ նկատառումներով անհապաղ հեռացումը ոչ այլ ինչ էր քան հանրության հանդեպ բացահայտ ծաղր՝ վերստին ապացուցելով, որ ՀՊՏՀ-ում տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրները, և à la Սերժ Սարգսյան, ձևավորված գաղջ մթնոլորտը, պահանջում են անհապաղ լուծումներ ոչ թե գրադուալիստական, այլ «շոկային թերապիայի» ճանապարհով։ Իրավիճակի անփոփոխ մնալու պարագայում, հետևանքները սեփական մաշկի վրա են զգալու ՀՊՏՀ ուսանողների հետագա սերունդները՝ ունենալով դիպլոմ, սակայն ոչ մրցունակ գիտելիքներ, ինչպես նաև « բարձր գին է վճարելու» մեր երկիրը՝ ունենալով ոչ թե քաղաքացի, այլ «սաքուլիկներ»։

Իսկ ՀՊՏՀ-ի խնդիրները իրավամբ խորն են ու համակարգային, որոնք չեն պարուրվում սոսկ Աթոյանի ու Խառատյանի անձերով և գործունեությամբ։ 2008թ․-ին, երբ առաջին անգամ ոտք դրեցի ՀՊՏՀ, ականատեսը դարձա բազմաթիվ այսպես կոչված «բուտիկների», որտեղից ցայսօր կարելի է պատվիրել ռեֆերատներ, կուրսայիններ ու անհատական աշխատանքներ և նույնիսկ մագիստրոսական թեզեր։ Ավելին, նմանօրինակ ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը տեղակայված է հենց ֆինանսական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, իրավիճակ, որն ուղղակի անհնար է պատկերացնել արևմտյան որևէ հեղինակավոր կրթօջախում։ Առավել զավեշտալի է այն փաստը, որ նշյալ վայրում, աշխատակիցները պատճենահանման ծառայություններ մատուցելուն և գրենական պիտույքներ վաճառելուն զուգահեռ վաճառում են նաև քննական թեստեր։ Սրանք առերևույթ իրողություններ են և վստահ եմ, որ ՀՊՏՀ ցանկացած շիտակ ուսանող և/կամ դասախոս կհաստատի ասվածի ճշմարտացիությունը։ Հարկ եմ համարում ընդգծել, որ արևմտյան բուհերում ներդրված են գրագողության դեմ պայքարող հատուկ ծրագրային հավելվածներ, իսկ դասախոսները ծայրաստիճան բծախնդիր են և նույնիսկ աննշան թերությունների առկայության պարագայում ուսանողի գնահատականից միավորներ են հանում։ Եթե ՀՊՏՀ-ում ներդրվեն նմանատիպ մեխանիզմենր, ապա պատշաճ մակարդակով գրված և ակադեմիական գրագրության չափանիշներին բավարարող անհատական աշխատանքների գնումը կդառնա չափազանց ծախսատար, ինչն ուսանողին այլ ելք չի թողնի, քան ինքնուրույն  պրպտելը, հետազոտելը և գրելը։

Առավել մտահոգիչ է ուսումնագիտական գործերի դրվածքը։ Համալսարանը լի է մի շարք ծեր դասախոսներով, ովքեր լինելով տնտեսագետ և քաջ գիտակցելով, որ մարդկային կապիտալը նույնպես ֆիզիկական և բարոյական ամորտիզացիայի ենթակա կապիտալ է, համառորեն շարունակում են մտնել լսարաններ և աշխատել ցածր արդյունավետությամբ՝ երբեմն հաղորդելով ոչ մրցունակ գիտելիքներ։ Նմանատիպ դասախոսները, ուսանողական տարիներին իմ քննադատություններին պատասխանում էին ad hominem հակափաստարկներով՝ մատնանշելով իմ և իրենց միջև տարիքային ահռելի տարբերության առկայությունը և իբրև վահան օգտագործելով իրենց բազմամյա աշխատանքային փորձը։ Իմ այն պնդումը, որ ժամանակակից դասախոսը պետք է առնվազն էլեկտրոնային հասցե ունենա և դրանից օգտվելու ձև իմանա «սվիններով էր ընդունվում» բուհի ավագ սերնդի դասախոսների կողմից։

Ներկայում էլ, ուսանողների հետ շփումներից դատելով, կարող եմ պնդել, որ բուհում էական փոփոխություններ չեն կատարվել։ Մտահոգիչ է, որ նույնիսկ երիտասարդ դասախոսները նախընտրում են ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած դասախոսություն թելադրելու մեթոդը, իսկ ինտերակտիվ դասախոսություններն ու քննարկումները հատուկենտ բնույթ են կրում։ Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ արևմտյան կրթական հաստատություններում ներդրված է syllabus-ի ինստիտուտը, որը իրենից ենթադրում է տվյալ առարկայի հետ կապված ցանկացած տեղեկություն՝ սկսած դասախոսի անուն ազգանունից և ուսանողների գնահատման մեթոդաբանությունից, վերջացրած գրքերի և հոդվածների վերնագրերից, որոնք ուսանողները պետք է կարդան յուրաքանչյուր դասից առաջ։ Ավելորդ ենք համարում նշել, որ ՀՊՏՀ-ում չկան ոչ միայն  syllabus-ներ, այլև առցանց հարթակ,որտեղից հնարավոր կլինի բեռնել նյութերն ու գրականությունը ըստ առարկաների, մինչդեռ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տևական ժամանակ է ինչ ներդրված է և՛ գրագողության դեմ պայքարի համար ստեղծված հավելված (կոչվում է turn-it-in), և՛ syllabus-ի ինստիտուտը, և՛ առցանց հարթակ (moodle), որն անհամեմատ ավելի դյուրին և համակարգված է դարձնում ուսումնական ողջ գործընթացը։ Հավելենք, որ ՀՊՏՀ-ում աշխատավարձերը անհամեմատ ավելի բարձր են քան ՀՀ մնացյալ բուհերում և նաև նշյալ խնդիրները լուծելու համար ՀՊՏՀ-ում առկա են առանձին ուսումնակազմակերպչական և ուսումնամեթոդական գծով պրոռեկտորների հաստիքներ (ինչն իմ խորին համոզմամբ միջոցների անհարկի վատնում է): Մասնավորապես, պրոռեկտորներ Միհրդատ Հարությունյանը և Պարույր Քալանթարյանը, ովքեր տարիներ շարունակ զբաղեցնում են իրենց պաշտոնները, վաղուց արդեն բոլորել են կենսաթոշակային տարիքը, ստանում են հիրավի հսկայական աշխատավարձ (նախարարի աշխատավարձի հետ համադրելի), ինչպես արդեն նշեցի ունեն սկանդալային պատմությունների կիզակետում հայտնվող վարորդ և, որ ոչ պակաս կարևոր էր ՀՀ նախահեղափոխական իրողությունների պարագայում, մերձհանրապետական բարձրաստիճան պաշտոնյաների ազգականներ են։ Հարց է առաջանում, արդյո՞ք պետք է նշյալ երկու պրոռեկտորների ուսերին դնել ՀՊՏՀ հետագա բարփփոխումների գործընթացը։ Տակավին վստահ եմ, որ Քալանթարյանը և Հարությունյանը պետք է հեռանան․ անհապաղ պետք է հեռանան՝ իրենց տեղը զիջելով կիրթ, բանիմաց և եռանդով լեցուն երիտասարդ մասնագետներին։

Եվ վերջում, հանուն արդարության կցանկանայի նշել, որ ռեկտոր Աթոյանի պաշտոնավարման շրջանում տեղի են ունեցել նաև մի շարք դրական փոփոխություններ՝ էականորեն բարելավվել է բուհի նյութատեխնիկական բազան, գործարկվել է ՀՊՏՀ կայքէջը, որն իր տեխնիկական և բովանդակային հագեցվածությամբ չի զիջում արևմտյան լավագույն համալսարանների կայքէջերին, որոշակիորեն երիտասարդացել է բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և այլն։ Սակայն, երբ մարդը միևնույն պաշտոնը զբաղեցնում է մոտ մեկ տասնամյակ շարունակ՝ լճացում է տեղի ունենում։ Ինչպես արդեն նշեցի, բուհին անհապաղ փոփոխություններ են անհրաժեշտ՝ գրագողության դեմ անզիջուն պայքարի գործուն մեխանիզմենրի ներդրում, կրթական ծրագրերի համադրում միջազգային լավագույն չափանիշներին,   syllabus-ների կազմում դասավանդվող յուրաքանչյուր առարկայի համար և այլն։ Նշյալ բարեփոխումները իրականացնելու համար նորարարական մտածելակերպով օժտված և եռանդուն երիտասարդ մասնագետ է անհրաժեշտ, ով, ի շահ բուհի և ուսանողի, չի վարանի անգամ ընդդիմանալ գործող նախարարին և կառավարությանը։ Իսկ ուսանողական խորհուրդները ապակուսակցականացնելու և Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ տեղի ունեցածից հետագայում խոսանավելու համար անհրաժեշտ է, որ ՀՊՏՀ ուսանողական խորհուրդի նախագահին ընտրելու իրավունք ունենա բուհի յուրաքանչյուր ուսանող, այդպիսով ուսանողական խորհրդի նախագահին դարձնելով ուսանողի շահերի իրավամբ լեգիտիմ ներկայացուցիչ։ Հուսանք որ այդ պարագայում ՀՊՏՀ ուսխորհրդականներին կհաջողվի ազատվել «սաքուլիկ» պիտակից։ Հարկավ, ՀՊՏՀ-ին ոչ թե restart, այլ առնվազն update է անհրաժեշտ։

Ալբերտ Հայրապետյանը տնտեսագիտության թեկնածու է, ՀՊՏՀ շրջանավարտ։ Ներկայում ուսանում է Լեհաստանի College of Europe համալսարանում։