Հաշմանդամություն ունեցող մարդիկ` որպես ծնող

Մայրանալ կամ հայրանալ ուզում են գրեթե բոլորը և մենք՝ հաշմանդամություն ունեցողներս, իհարկե, բացառություն չենք:

Սովորաբար ծնող դառնալու թեման ուղեկցվում է դրական և բարի ենթատեքստով, և նույնիսկ փոքր-ինչ ցավալի է, որ ես պետք է ներկայացնեմ ավելի շատ բացատրողական տեսանկյունից: Ինչևէ հուսամ, որ խոսքս կնպաստի հասարակության կողմից հաշմանդամություն ունեցող ծնողների մասին գիտակցության բարձրացմանը:

Արդեն բազմիցս նշել եմ, որ հաշմանդամություն ունեցողների մասին կարծրատիպերն անթիվ են և անհամար, բայց միայն վերջերս իմացա հաշմանդամություն ունեցող ծնողների մասին կա կարծրատիպերի առանձին շարք:

Թեմայի շուրջ որոշեցի զրուցել Սիփան Ազատյանի՝ ակտիվ, աշխույժ և աշխատասեր մարդու հետ, ով վերջերս հայրիկ է դարձել: Սիփանն ունի տեսողության հետ կապված խնդիրներ և անձամբ բախվել է հետևյալ խնդիրներին:

«Անսեռ»

Հասարակությունն ի սկզբանե հաշմանդամություն ունեցող մարդուն չի պատկերացնում ամուսնացած կարգավիճակում: Նմանատիպ վերաբերմունքը երբեմն սկիզբ է առնում անմիջապես իրենց ընտանիքներից: Այստեղ նորից բախվում ենք մարդուն խնդրի հետ ասոցացնելու գաղափարին:

«Իսկ կինդ նորմա՞լ ա»

Հաջորդ տարածված, բայց թյուր կարծիքն այն է, որ հաշմանդամություն ունեցողը կարող է ամուսնանալ միայն, եթե իր կինն էլ ունի հաշմանդամություն:

Դժվար է հասկանալ, թե ինչպես կարելի է սիրո կամ ընտանիքի հիմքում տեսնել ֆիզիկական կարողությունները և առավել ևս հաշմանդամություն ունեցողի վզին նման կարծիք փաթաթել: Սիփանն այս մասին ասաց, որ երբ իրեն հարցնում են «Իսկ կինդ նորմա՞լ ա», նա պատասխանում է «Բոլորս էլ նորմալ ենք»:

«Երեխադ նորմա՞լ ա»

Ըստ շատերի, հաշմանդամություն ունեցող մարդկանց երախաներն էլ անխուսափելիորեն ծնվում են հաշմանդամությամբ։

Հաշմանդամություն ունեցող մարդը կարող է ունենալ լիակատար առողջ երեխաներ հենց այնպես, ինչպես հաշմանդամություն չունեցողնորը: Բայց հասարակական կարծիքը հակառակն է վկայում՝ անգամ առանց պարզելու, թե ծնողի հաշմանդամություն ունենալու պատճառը ժառանգաբար է փոխանցվել, թե ձեռք է բերվել կյանքի ընթացքում:

Սիփանը՝ լինելով կայացած անհատ, նշեց, որ նույնիսկ իր համար ծնող դառնալն մեծ պատասխանատվություն է ենթադրում: Նաև ասաց, որ մտավախություններ է ունեցել, որ երեխան մեծանալով, կարող է շատ կենտրոնանալ հոր հաշմանդամություն ունենալու հանգամանքի վրա, սակայն ի վերջո եկել է եզրահանգման, որ երեխայի մտածելակերպն առաջին հերթին կախված է հաշմանդամություն ունեցող ծնողի՝ ինքն իր հանդեպ ունեցած վերաբերմունքից:

Սիփանի հետ զրույցից հետո էլ շարունակեցի ուսումնասիրությունս թեմայի շուրջ, բայց այս անգամ խնդրին մոտեցա երեխաների դիտանկյունից և մի քանի հետաքրքիր փաստեր պարզեցի: Պարզվեց, որ հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաները սովորաբար օժտված են լինում այնպիսի կարևոր հատկանիշներով, ինչպիսիք են՝ բարեխղճությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը, գիտակցական ավելի բարձր մակարդակը և արդյունավետությունը:

Երեխաներն ավելի բարեխիղճ են դառնում, քանի որ որոշակի տարիքից սկսած նրանք գիտակցում են, որ իրենց ծնողը երբեմն ունի օգնության կարիք: Առհասարակ, երեխաները սիրում են օգնության հասնել՝ հատկապես իրենց հարազատներին: Սա նրանց թույլ է տալիս իրենց օգտակար զգալ, որն էլ հետագա կյանքում հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաներին ազատում է այնպիսի հոգեբանական խնդիրներից, ինչպիսիք են անպետք լինելու զգացումը կամ անիքնավստահությունը սեփական ուժերի վրա, որոնք դեռահասների մոտ տարածված խնդիրներ են:

Իհարկե, հայտնագործություն չէ, որ հաշմանդամություն ունեցողների հետ ապրելը պահանջում է համբերատարություն: Բայց հաշմանդամություն ունեցող անձանց առօրեական դժվարություններ հաղթահարելու ունակությանը հետևելն էլ ինքնին կրթում է երեխային: Ըստ իս, համբերության «մարզումները» անգնահատելիորեն դրական կերպով են անդրադառնում իրենց հետագա կյանքի վրա և կյանքի մեծ փորձ հանդիսանում:

Հանդուրժողականությունը, որպես հատկանիշ բացառում է կարծրատիպային մտածելակերպը: Երեխան տեսնում է իր ծնողի ամենօրյա գործունեությունը և հետո որևէ երրորդ անձի կողմից արտահայտվող կարծրատիպ իր իսկ սեփական ծնողի մասին լսելիս, հակասություն է զգում և գիտակցում, թե որքան հեռու է կարծրատիպային կյանքն իրականությունից: Բացի դրանից, երեխան ի սկզբանե գիտակցում է, որ տարբեր մարդիկ ունեն հնարավորությունների իրենց սահմանները:

Երեխան հետևում է հաշմանդամություն ունեցողի և չունեցողի հնարավորությունների սահմանների տարբերությանը, նրանց կողմից իրականացվող գործողությունների, արարքների տարբերությանը և այդ ամենը պռոյեկտում է իր վրա՝ ճանաչելու սեփական հնարավորությունները, բայց միաժամանակ գիտակցելով՛ հաշմանդամություն ունենալը այնքան նորմալ է, որքան՝ չունենալը:

Ի վերջո այս ամենի գիտակցումը երեխային օգնում է երեխային ինքն իրեն ավելի լավ ճանաչել, հեշտ կոմնորոշվել և օպտիմալ որոշումներ կայացնել: Այսինքն ունենալով մարդկանց հնարավորությունների մասին տվյալների մեծ բազա, երեխան դեռ մանկուց ավելի վաղ տարիքից է սկսում ուսումնասիրել իրեն տրված հնարավորությունները, շատ ավելի լավ է գիտակցում դրանք և արդյունավետ օգտագործում՝ միաժամանակ ընդունելով այլոց հնարավորությունները:

Անկեղծ ասած,այս եզրահանգմանը գալով նույնիսկ ուրախացա, քանի որ հաշմանդամություն ունեցող ծնող լինելը կարող է նույնիսկ շատ դրական ազդեցություն երեխաների վրա: Հուսով եմ, որ մեր և հետագա սերունդները աստիճանաբար կկոտրեն բոլոր այն թյուր կարծիքները, որոնք գոյություն ունեն հաշմանդամություն ունեցողների մասին:

Մերի Մլհամյան

Մեկնաբանել