Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին:

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:

Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր՝ ժամը 15:00-ին, մամուլի ասուլիսի ժամանակ:

Քարվաճառի բնակիչ, հայագետ Ալեքսանդր Քանանյանը այսօր ավելի վաղ գրել էր Արայիկ Հարությունյանի հնարավոր հրաժարականի մասին և նշել, որ պետական նախարարի պաշտոնում Արցախի նախագահ Բակո Սահակյանը պատրաստվում է նշանակել ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, որ եթե այդպիսի որոշում ընդունվի, դա կնշանակի ուժայինների կողմից իշխանության զավթում՝ «պուտչ»։

Արայիկ Հարությունյանի Ազատ Հայրենիք կուսակցությունը մեծամասնություն ունի Արցախի խորհրդարանում։

Մեկնաբանել