LIVE Blog. Իրավիճակն Արցախում

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտում քաղաքացիները դադարեցրին արդեն չորրորդ օրը շարունակվող բողոքի ցույցը՝ անսալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին։ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը քաղաքացիական ընդվզման աննախադեպ դրսևորում էր՝ ընդդեմ ուժային կառույցների կամայականությունների և արդարության պակասի։ Քաղաքացիները պահանջում էին պաշտոնազրկել ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարներին։ Լեռնային Ղարաբաղի պետնախարար Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ եկավ ցուցարարների մոտ՝ լսելու նրանց պահանջները։ Հունիսի 6-ին Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ազատվելու մասին դիմում է ներկայացրել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին: Արցախի ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի կապակցությամբ։ ՍիվիլՆեթը ուղիղ ռեժիմով հետևում է Արցախում իրադարձությունների զարգացմանը՝ դրանք ներկայացնելով հետադարձ ժամանակագրությամբ։ Լուսանկարը՝ Մարութ Վանյանի։

15։00

Ստեփանակերտում մեկնարկել է պետնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Արայիկ Հարությունյանի ասուլիսը։ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը հրաժարական են տվել:

Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ նոր կարգավիճակում ինքը նպաստելու է քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին։ Հարությունյանը Ազատ Հայրենիք կուսակցության ղեկավարն է, որն Ազգային ժողովում ունի ամենամեծ խմբակցությունը։ Հարցին՝ արդյոք այժմ ընդդիմությո՞ւն է դառնում իր ղեկավարած կուսակցությունը, Հարությունյանը պատասխանեց․ «Ոչ, մենք մնում ենք իշխանություն»։

Պետնախարարի պաշտոնում հրաժարական տված՝ ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանի կողմից փոխարինվելու մասին հարցին Հարությունյանը պատասխանեց, որ իր համար «մեծ պատիվ կլիներ դա, բայց նման որոշում չկա»։

Նա հավելեց, որ «բարեփոխումներին չի խանգարում, բայց պետք են նոր մարդիկ»։

«Ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ, որը թույլ է տալու այդ բարեփոխումներին ավելի մեծ մասնակցություն»,- նշեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է իր իրավահաջորդին՝ այդ մասին կհայտարարի նախագահ Բակո Սահակյանը։

Արցախի պետնախարարի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացրած Հարությունյանը նաև ասաց, որ արցախյան իրադարձությունները «հետևանք են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների»՝ ընդգծելով հանրային պահանջի փոփոխությունը Արցախում։

Միևնույն ժամանակ, ինչպես նկատեց Հարությունյանը, իրենք որոշումներ կայացնելիս «դաբրո չեն ստանում» Հայաստանից՝ չնայած Հայաստանի իշխանության հանդեպ «խորը հարգանքին ու ջերմ հարաբերություններին»։

13։42

Արցախում տեղի ունեցող զարգացումներին արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

168.am-ի հարցին, թե ինչպես է ՀՀ նախագահը գնահատում Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները, տրվել է հետևյալ պատասխանը․

«Հանրապետության նախագահը ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և Հայաստանի վարչապետի հորդորի հիման վրա Ստեփանակերտում բողոքի գործողությունների դադարեցումը: Նախագահ Սարգսյանն ամենօրյա կապի մեջ է Արցախի նախագահի հետ, ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցում է նաև Արցախի նախկին ղեկավարության և հեղինակավոր մարդկանց հետ:

Նախագահը գոհունակություն է հայտնում, որ Արցախի իշխանություններն արագ արձագանքեցին ցավալի միջադեպին, այն դատապարտվեց, որակվեց անթույլատրելի և ստացավ իրավական գնահատական: Արցախի Ազգային ժողովում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ստեղծված վիճակի մասին համապարփակ քննարկումների հարցերով:

Միջադեպի շուրջ ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն:

Նախագահը կիսում է այն գնահատականը, որ Արցախի համար բացառիկ արժեքներ են ներքին կայունությունը, պետական հիմքերի անսասանությունը, երկրի անվտանգության և պաշտպանողունակության հետևողական բարձրացումը, որին հնարավոր է հասնել Արցախի բնակիչների աշխատանքի և կյանքի խաղաղ պայմանների ապահովման և կենսապայմանների բարելավման նպատակով սոցիալ-տնտեսական հարցերի լուծման միջոցով»:

12:47

ԱՀ ոստիկանության պետ գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Նա հանդես է եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշել է, որ վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ է տվել բոլորին ու իր մտահոգության պատճառը իր հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։

«Սիրելի ՛ հայրենակիցներ
1991թ-ից ես հող հայրենիի կանչով և ձեզանից շատ շատերի օրինակով կամավորագրվել եմ Արցախյան ազատամարտին։ ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի ՈՒխտաձորի ջոկատի հրամանատարից հասնելով ՀՀ ՊՆ բանակային կորպուսի հրամանատարի պատասխանատու պաշտոնին¸ ողջ ծառայությանս ընթացքում սեփական կենսագրությամբ ու օրինակով եմ փորձել ներկայացնել Հայրենքի հանդեպ գերագույն նվիրումի դրսևորումը։
2013թ. մարտի 25-ից ցայսօր զբաղեցնելով ոստիկանության պետի պաշտոնը իմ հիմնական նպատակն ու առաքելությունն եմ համարել ծառայել ժողովրդիս¸ ստեղծել ու ամրապնդել լիարժեք վստահության մթնոլորտ ոստիկանության և հասարակության միջև։ Թե ինչքանով է դա ինձ հաջողվել¸ թողնում եմ ձեր դատին։
Որքան էլ որ բարձրագոչ հնչի¸ ինձ համար միշտ եղել ու այսօր էլ շարունակում է ամենաառաջնային համարվել ինչպես արտաքին¸ այնպես էլ ներքին անվտանգությունը¸ ժողովրդի խաղաղ կենսագործունեության համար բոլոր պայմանների ապահովումը¸ որի համար պարտավոր ենք չխնայել ոչինչ ու չկանգնել ոչ մի խոչընդոտի առաջ։
Սիրելի ՛ բարեկամներ
Հաշվի առնելով իմ հրաժարականի ներկայացման վերաբերյալ հասարակության մեջ առաջացած պահանջը¸ ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։
Վերջում կուզեի հավաստիացնել¸ որ այսուհետ ևս շարունակելու եմ հավատարիմ մնալ Արցախի Հանրապետության պետականության ամրապնդման գործին և հայրենիքին սպառնացող յուրաքանչյուր վտանգի դեպքում պատրաստ եմ սեփական օրինակով ապացուցել այն։
Եղել և մնում եմ Հայրենիքիս զինվորը »,- նշված է ոստիկանապետի ուղերձի մեջ:

11:45

«Արշավիր Ղարամյանի պետնախարարի պաշտունում նշանակվելու լուրը դեռևս չի հաստատվում։ Սպասենք հետագա զարգացումներին». գրել է Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը։

11:20

ՍիվիլՆեթի հետ զրույցում Արցախի Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն ասաց, որ եթե պետական նախարարի պաշտոնում նշանակվի ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը, դա կնշանակի ուժայինների կողմից իշխանության զավթում՝ «պուտչ»։

11։15

Հայագետ, Քարվաճառում բնակվող Ալեքսանդր Քանանյանը գրել է․

«Սերժ Սարգսյանի ուղիղ յանձնարարութեամբ Արցախում այս ժամերին ընթանում են ուժային հակապետական յեղաշրջման գործողութիւններ։ Հայաստանում Սերժ Սարգսեանի հակայեղափոխական ապստամբութեան ուժային փուլն սկսուած է»։

11:00

Ազգային վերածնունդ կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ վերջին ժամերին Արցախում «դրամատիկ իրադարձություններ են տեղի ունենում»։ Գրիգորյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի որոշումը «իր որոշումը չէր»․ «իրականում Բակո Սահակյանն այսօր առավոտյան ուժայինների ճնշման տակ որոշում կայացրեց իշխանությունը լրիվ զավթել, և եթե Արցախում որևէ քայլ չձեռնարկեն, շուտով կունենան ռազմական խունտա»։

10:40

Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել

Մեկնաբանել