Պաշտոնանկություններ Ղարաբաղում․ ինչը ինչից հետո եղավ

Լեռնային Ղարաբաղի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Այս հրաժարականը հաջորդում է Ստեփանակերտում մի քանի օր տևած բողոքի ցույցերին, որոնց պահանջը, սակայն, ոչ թե պետական նախարարի, այլ ոստիկանապետի և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականն էր։

Այսօր Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանին հրաժարականի դիմում են ներկայացրել նաև ոստիկանապետ Կամո Աղաջանյանը և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը։  

«Նոր կարգավիճակում ես նպաստելու եմ քաղաքացիական հասարակության, ազատ մամուլի զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին»,- իր որոշումը բացատրեց Արայիկ Հարությունյանը՝ հունիսի 6-ին Ստեփանակերտում հրավիրված ասուլիսին։

Հարությունյանն ասաց, որ Ղարաբաղում իրադարձությունները հետևանք են Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների․ «Փոփոխության հանրային պահանջ կար նաև Ղարաբաղում»։

«Ուզում եմ լինել ավելի ազատ քաղաքական գործիչ, որը թույլ է տալու ավելի մեծ մասնակցություն բարեփոխումներին»,- նշեց նա։

Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը մեծամասնություն ունի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանում 2007-ից ի վեր։ Ներկայում Արցախի խորհրդարանում «Ազատ Հայրենիքն» ունի ամենամեծ խմբակցությունը՝ 15 տեղ 33-ից։

Հարցին, թե արդյոք ինքը և իր ղեկավարած կուսակցությունը դառնում են ընդդիմություն, Հարությունյանը պատասխանեց․ «Ո՛չ, մենք մնում ենք իշխանություն»։

Արայիկ Հարությունյանը 2007-2017 թվականներին Լեռնային Ղարաբաղի վարչապետն էր։ 2017-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որոնց արդյունքում վերացվեց վարչապետի պաշտոնը, երկիրը կառավարման կիսանախագահական մոդելից անցավ նախագահականի։ Վարչապետի ինստիտուտի փոխարեն ստեղծվեց պետական նախարարի պաշտոն, որը փաստացի կատարում է վարչապետի նույն լիազորությունները և ղեկավարում է տնտեսական քաղաքականությունը։

Ստեփանակերտում բողոքի ցույցերի մասին

Հունիսի 1-ին Ստեփանակերտում վիճաբանության արդյունքում Ազգային անվտանգության մոտ 15 աշխատակիցներ, ըստ տարբեր հրապարակումների, ծեծել էին երկու քաղաքացու։ Ոստիկանությունը բերման էր ենթարկել ոչ թե ծեծողներին, այլ ծեծվածներին։ Ավելի ուշ տուժածները տեղափոխվել էին հիվանդանոց։

Միջադեպում ներգրավված է եղել նաև Ղարաբաղի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի որդին։

Ստեփանակերտում հունիսի 1-ին սկսվեցին բողոքի ցույցեր, որոնք տևեցին չորս օր։ Քաղաքացիները փակել էին քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը, պահանջում էին ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների հրաժարականը։

Տե՛ս՝ Բողոքի ցույցը Ղարաբաղում․ ինչպես եղավ

Քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի միջև կապող հիմնական օղակը Արայիկ Հարությունյանն էր։ Հարությունյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ցուցարարների պատվիրակության հանդիպումը Բակո Սահակյանի հետ։

Ցույցերի չորս օրվա ընթացքում Արայիկ Հարությունյանը մի քանի անգամ եղավ ցույցի տեղում, զրուցեց ցուցարարների հետ։ Նրա հրաժարականի կոչ որևէ անգամ չի հնչել։

Ցույցերը դադարեցին միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո։

Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների մասին

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը 2016-ին նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումների գործընթաց։ Սահակյանը գործընթացն սկսեց, երբ Հայաստանում 2015-ի դեկտեմբերին արդեն տեղի էր ունեցել Սահմանադրության փոփոխություն, Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցում էր կատարում խորհրդարանական մոդելի։ Դա հնարավորություն էր տալիս նախագահ Սերժ Սարգսյանին նախագահության երկրորդ ժամկետից հետո շարունակել ղեկավարել երկիրը արդեն որպես վարչապետ։

Բակո Սահակյանը նույն նպատակով, բայց հակառակ ուղղությամբ փոխեց Լեռնային Ղարաբաղի սահմանադրությունը։ 2017-ի փետրվարին սահմանադրական հանրաքվեի արդյունքում Ղարաբաղը կառավարման կիսանախագահական համակարգից անցավ նախագահական համակարգի, վերացվեց վարչապետի ինստիտուտը, ամբողջ իշխանությունը կենտրոնացավ նախագահի ձեռքում։

Ղարաբաղի նոր Սահմանադրությունը Բակո Սահակյանին հնարավորություն տվեց նախագահության երկրորդ ժամկետից հետո, որը լրանում էր 2017-ին, մնալ նախագահի պաշտոնում։ Սահմանադրության անցումային դրույթով 2017-ի հուլիսին խորհրդարանի կողմից նա երեք տարով ընտրվեց նախագահ։ Անցումային դրույթը պայմանավորված էր նրանով, որ 2015-ին ընտրված խորհրդարանը պետք է գործի մինչև 2020-ը՝ լիազորությունների ժամկետի ավարտը։

Տե՛ս՝ Բակո Սահակյանը սահմանադրությունը կարում է իր հագով․ Հայկ Խանումյան

Բակո Սահակյանը նոր սահմանադրությամբ տեսականորեն հնարավորություն ստացավ ևս երկու ժամկետ հավակնելու Ղարաբաղի նախագահի պաշտոնին՝ 2020-ին և 2025-ին։

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը խառնեց ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ Բակո Սահակյանի խաղաքարտերը։  

Ուշագրավ է, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ղարաբաղի նոր սահմանադրությունների հեղինակը Հրայր Թովմասյանն էր, որն այս գործընթացի ավարտից հետո դարձավ Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ։

Կարեն Հարությունյան

Read the article in English