Եթե Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու որոշում ընդունվի, ՌԴ-ն կհարգի այն․ Լավրով

Եթե ղարաբաղյան հակամարտության կողմերը պայմանավորվածության գան Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցում, դա կլինի նրանց որոշումը, և Ռուսաստանի կհարգի այն․ այսօր Մոսկվայում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լրագրողի հարցին, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Լավրովը պատասխանեց, որ «Ռուսաստանի դիրքրոշումն անփոփոխ է․ հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»։ Լավրովի խոսքով՝ ռուսաստանյան կողմը վստահ է՝ «դա օպտիմալ ձևաչափ է»։

«Մենք՝ որպես Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ միասին, վարում ենք ընդհանուր, շահագրգիռ, ոչ հակասական գիծ՝ միտված այնպիսի պայմանների ստեղծմանը, որոնք թույլ կտան Բաքվին ու Երևանին պայմանավորվածության գալ»,- ասաց Լավրովը։

Նախարարը հիշեցրեց, որ որոշակի փուլում Արցախը մասնակցել է գործընթացին, «հետո կողմերի պայմանավորվածության համաձայն՝ ձևաչափը փոխվել է»։

«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն այն բանի շուրջ, որ Լեռնային Ղարաբաղը կրկին պետք է ներկայացված լինի բանակցություններում, դա կլինի նրանց որոշումը, և մենք կհարգենք այն»,- ասաց ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

***

Մայիսի 9-ին Ստեփանակերտում մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»։

Մեկնաբանել