Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն ընդունվեց

Հայաստանի Ազգային ժողովը 62  կողմ, 39 դեմ, 0 ձեռնպահ․ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը։ 

Նիստին 105 պատգամավորներից գրանցվել էին 94-ը։ Քվեարկության ժամանակ արդեն 101-ն էին։ Ծրագրին կողմ քվեարկեցին ինչպես Նիկոլ Փաշինյանի ԵԼՔ խմբակցությունը, այնպես էլ Ծառուկյան դաշինք և Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունները, որոնք նոր կառավարության մաս են կազմում։ Ծրագրին, ըստ հաշվարկի, կողմ է քվեարկել նաև երեք հոգի Հանրապետական խմբակցությունից։

Կառավարության այս ծրագիրը ընդամենը 30 էջ է՝ ի տարբերություն նախորդ կառավարության 130 էջանոց ծրագրի։

Ծրագիրը կոնկրետ թվային ցուցանիշներ չի պարունակում։ Ավելի քան մեկ ժամ տևած ելույթում Փաշինյանը մանրամասն ներկայացրեց այն։

«Նախկինում կառավարության ծրագրում եղած թվերը երբեք իրականություն չեն դարձել: Մենք չենք պատրաստվում երկրում թվեր դզենք-փչենք, մենք պատրաստվում ենք լրջագույն բովանդակային փոփոխություններ անել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան քննադատությունների, որ ծրագիրը թիրախային ցուցանիշներ չունի։

Հայաստանի նախորդ վարչապետերը՝ Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը և Կարեն Կարապետյանը, տարբեր առիթներով նույն հայտարարությունն էին արել, որ երկրում առկա խնդիրները լուծելու համար չկա կախարդական փայտիկ։ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս խոսեց կախարդական փայտիկի մասին։

Պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին՝ նա ասաց․ «Կախարդական փայտիկ կա և այդ կախարդական փայտիկը արդեն իր գործը սկսել է»։

Փաշինյանն ընդգծեց, որ իր կառավարությունը արմատական բարեփոխումներ է սկսել բոլոր ասպարեզներում։

Ծրագրում հատուկ բաժին է նվիրված խորհրդարանական արտահերթ ընտրություններ անկացնելուն՝ առավելագույնը մեկ տարվա ընթացքում։ Նշվում է, որ ներկայիս Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։

Հայաստանի Սահմանադրության համաձայն, սակայն, խորհրդարանական արտահերթ ընտրություններ կարող են նշանակվել միայն իրավունքի ուժով, երբ վարչապետը հրաժարական է տալիս, և Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ ձախողում է նոր վարչապետի ընտրությունը։

Նիստի ընդմիջմանը ճեպազրույցում լրագրողները հարց ուղղեցին Փաշինյանին, թե ինչպես է պատրաստվում անկացնել արտահերթ ընտրություններ։

«Այդ մասին կխոսենք կառավարության ծրագիրն ընդունվելուց հետո»,- հայտարարեց վարչապետ Փաշինյանը։

Հուլիսի 1-ից Հայաստանում պետք է գործարկվի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ Դեռ 2014-ին այդ համակարգի գործարկումը հետաձգվել էր հանրային դժգոհության և ընդվզման արդյունքում, քանի որ դա ենթադրում է մինչև 5 տոկոս պահումներ աշխատողների աշխատավարձից։ Ներկայում ևս հնչում են համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու մասին հայտարարություններ։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համակարգի ներդրումը չի կարելի հետաձգել։ Նա խոստովանեց, որ առաջիկայում կառավարության ամենալուրջ մարտահրավերներից է լինելու այդ հարցի վերաբերյալ որոշում կայացնելը:

Բացի արտահերթ ընտրություններից՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրում կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի առջև բոլորի հավասարությունը, մենաշնորհների վերացումն ու ազատ տնտեսական մրցակցության հաստատումը, Սփյուռքի հետ կապերի խորացումը։

Հունիսի 6-ին՝ կառավարության ծրագիրը խորհրդարանի քննարկմանը ներկայացնելուց ուղիղ մեկ օր առաջ, Հանրապետական խմբակցությունը կորցրեց բացարձակ մեծամասնությունը Ազգային ժողովում, երբ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Դրանով Հանրապետական խմբակցության պատգամավորների թիվը դարձավ 52՝ մնացած 53-ի համեմատ։ Ալեքսանյանից առաջ ևս հինգ պատգամավոր լքել էին Հանրապետական խմբակցությունը։

Կառավարությունը հունիսի 8-ին ծրագիրն ընդունվելուց հետո կգումարի իր առաջին նիստը։