Ցեղասպանությունը ճանաչած ամերիկացի դիվանագետի հորդորը հայերին

Աշխարհը ավելի լավը դարձնելու միակ ճանապարհը պատմությունը հարգելու և փաստերը ճանաչելու միջոցով կարող է լինել. հայտարարել է ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Սամանթա Փաուերը՝ Երևանում այսօր կայացած քննարկմանը, որը նվիրված էր «Ավրորա» մարդասիրական մրցանակին։

Սամանթա Փաուերը, որը Օբամայի վարչակազմում ԱՄՆ-ի դեսպանն էր ՄԱԿ-ում և այդ պաշտոնում ընդունել էր Հայոց ցեղասպանության փաստը, Երևանում կայացած քննարկմանը հայտարարել է․

«Շատ ցավում եմ, որ Օբամայի վարչակազմն այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սակայն ես բաց չէի թողնի ավելի մեծ պատկերը։ Սա մի բանավեճ չէ, որին լուրջ մարդիկ լուրջ են վերաբերվում»,- ասել է նա։

Փաուերի խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը երբևէ չպիտի լիներ և չպետք է լինի վիճարկելի հարց. «Իհարկե այն չպետք է լինի բարոյական կոնֆլիկտի պատճառ։ Բարոյականությունը, պատմությունը, փաստերն այդ փաստարկի մի կողմն են միայն»

Փաուերը հիշեցրել է այն պատճառների մասին, թե ինչու ԱՄՆ-ը չէր (չի) կարողանում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․

«Սկսած 1980-ականներից՝ Թուրքիայի կառավարությունը միլիարդավոր դոլարներ է ներդրել և լծակներն օգտագործում է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, որպես իսլամական ժողովրդավարության աշխարհիկ մոդել։ Եվ դա ծանր լծակ էր [Ցեղասպանության փաստի] մյուս կողմում, երբ արևմտյան երկրների, եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի ղեկավարների վրա կոնկրետ շահեր էին փաթաթում»։

«Ինձ համար մեծ հիասափություն էր, որ Օբամայի վարչակազմը ութ տարվա ընթացքում այդպես էլ չճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Մի բան, որի համար շատ-շատ մարդիկ լոբբի էին արել՝ դրսում, ներսում, ու դա տեղի չունեցավ։ Դա ցավալի էր նաև մեզ համար, որ խոստացել էինք, ու չեղավ։ Սակայն դա լակմուսի միակ թեստը չէ, որից ելնելով պետք է ապահովվի Ցեղասպանության ճանաչումը»,- ասել է Փաուերը։

Նա նշել է, որ շատ ամոթալի է, երբ ԱՄՆ պաշտոնյաներն աղավաղում, երկերեսանիություն են անում, երկար բարակ պատասխաններ տալիս, որովհետև այնքան ակնհայտ է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է։

«Եվ նրանք չեն կարող ասել դա, քանի որ ՆԱՏՕ-ի անդամը [Թուրքիան], որն ահաբեկչության դեմ պայքարում գործընկեր է, ահաբեկում, շատաժի է ենթարկում իրենց, – ահաբեկելն ու շանտաժի ենթարկելը երբեք չպետք է խրախուսվի, – սակայն որևէ մեկը, որ շարժվում է նրանց [թուրքերի] ցուցումով, իր մտքում չունի հարցի պատասխանը՝ իսկ փաստերն ինչ են»։

Փաուերը խորհուրդ է տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում կենտրոնանալ այլ երկրների կողմից ճանաչումն ընդգծելու վրա․

«Դուք կարող եք կենտրոնանալ Գերմանիայի վրա, որը ցեղասպանություն իրականացնող երկրի դաշնակիցն է եղել ժամանակին՝ ինչ է արել նա։ Ինչ է արել Ֆրանսիան։ Ինչ է արել Հռոմի պապը։ Եվ ԱՄՆ-ի որքան նահանգներ,- որոնցից է կազմված ԱՄՆ-ը,- են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

«Իմ կրտսեր որդին ծնվել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին։ Մենք ոչ միայն ամեն տարի մեկ ավել մոմ ենք վառում նրա համար, մենք մեր տանը մոմ ենք վառում նաև հայերի համար։ Սա ընդամենը փաստն է, ճշմարտությունն է»։

Փաուերի խոսքով՝ Թուրքիան կարող է շարունակել շանտաժը, ահաբեկումը, կարող են լինել փոխադարձ կախվածություններ, սակայն որպես պատմական բանավեճ այս հարցը լուծված է հայերի, հայկական սփյուռքի, հայերի ժառանգների ջանքերով, որոնք պատմել են, թե ինչ է տեղի ունեցել իրենց ժողովրդի հետ։

Քննարկումը տեղի է ունեցել «Ավրորա» մարդասիրական մրցանակի միջոցառումների շրջանակում։ Դրան մասնակցել է նաև իրավապաշտպան Ջոն Պրենդերգաստը։ Քննարկումը վարել է Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Սալբի Ղազարյանը։

Մեկնաբանել