Մարզասրահների խնդիրների մասին

Ոմանց համար սպորտը հաճույք է, իսկ մյուսների համար տհաճ պարտականություն: Ինձ մոտ սպորտով զբաղվելու ցանկություն առաջանում է ժամանակ առ ժամանակ: Պետք է նշեմ, որ միշտ հիացել եմ նրանցով, ովքեր երբեք չեն թողնում սպորտը անգամ եթե դա իրենից ներկայացնում է կարճատև առավոտյան մարզանք: Բոլորս էլ գիտենք, որ սպորտն անհրաժեշտ է յուրաքանչյուրին թե՛ ինքնազգացողության, թե՛ առողջ լինելու համար: Սպորտի դրական ազդեցությունը, սակայն, չի սահմանափակվում միայն ֆիզիկակական առողջությամբ: Այն ունի նաև հոգեբանական կողմեր, քանի որ ասում են, որ սպորտը նպաստում է հասարակական կյանքում ինտեգրմանը:

Սա հատկապես կարևոր է այն կոնտեքստում, որ եթե հաշմանդամություն ունեցողը մեկուսացած է հասարակությունից նշանակում է, որ այս երևույթն, ամենայն հավանականությամբ, սկսվել է դեռ վաղ տարիքից: Պատճառներն, իհարկե, շատ տարբեր կարող են լինել, բայց մեծ մասամբ դրանք ներքին հոգեբանական խնդիրների, իսկ վաղ տարիքում՝ հոգեբանական ճնշման արդյունք են: Բայց փաստը մեկն է՝ հաճախ ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաները դուրս են մնում հասարակությունից, ունեն շփման պակաս և մեծանալով դառնում են նույն խնդիրներն ունեցող չափահաս մարդիկ:

Ինչպես ցանկացած մեկը, այդ թվում հաշմանդամություն ունեցողները դեռահասության որոշակի փուլում ունենում են ինքնագնահատակաի ձևավորման խնդիրներ, Այս տարիքում երեխաներն իրենց ակամայից համեմատում են իրենց հասակակիցների հետ թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր կարողությունների հիման վրա: Սպորտով զբաղվելն անշուշտ բարձրացնում է ինքնագնահատականը՝ բացահայտելով կարողությունների այնպիսի սահմաններ, որոնք նախկինում անհասանելի էին թվում: Բացի դրանից մարզասրահ կամ սպորտային որևէ խմբակ հաճախելիս երեխան ձեռք է բերում նոր ծանոթներ և ընդհանուր հետաքրքրությունները դյուրացնում են վերջինիս ինտեգրման գործընթացը:

Սակայն մարզասրահ այցելելու համար, անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ: Նախևառաջ մարզասրահները պետք է հարմարեցված լինեն: Ես այս հարցով փոքրիկ ուսումնասիրություն կատարեցի, որի ընթացքում պարզեցի, որ Հայաստանում կա միայն մեկ հարմարեցված մարզասրահ, որին կանդրադառնամ մի փոքր ուշ: Մնացած բոլոր մարզասրահներում՝ նույնիսկ միջազգային հռչակ վայելող մարզասրահների ցանցերի Հայաստանյան կետերում չկան բավարար պայմաններ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:

Պարզեցի նաև, որ այդ բոլոր մարզասրահներում հաշմանդամություն ունեցող հաճախորդներ կամ չկան, կամ եզակի են: Հետաքրքիր է, նրանք չկան, որովհետև մարզասրահները հարմարեցվա՞ծ չեն, թե՞ մարզասրահները հարմարեցված չեն, որովհետև հաշմանդամություն ունեցող հաճախորդների մեծ թվաքանակ չունեն:

Իհարկե նույնիսկ այս մարզասրահների աշխատակիցները հայտնեցին, որ մեծ պատրաստակամությամբ օգնում են իրենց հաշմանդամություն ունեցող եզակի հաճախորդներին տեղաշարժվել, բայց համաձայնեք, որ համապատասխան պայմանների բացակայությունն արդեն իսկ նվազեցնում է մարզասրահ այցելելու ցանկությունը: Եվ խոսքը նույնիսկ հատուկ սարքավորումների, հարմարեցված լոգարանի կամ վերելակի մասին չէ, այլ մուտքի համար նախատեսված տարրական թեքահարթակի բացակայության:

Բայց բարեբախտաբար մեր քաղաքում արդեն երկար տարիներ գործում է «Սկարպ» հասարակական կազմակերպության մարզասրահը, որտեղ ես սկսել եմ հաճախել վիդեոբլոգս վարելու ընթացքում:

Սկարպում կարող է մարզվել ցանկացած մարդ, սակայն հաշմանդամություն ունեցողների համար տրամադրվում են հարմարեցված մարզասարքեր՝ ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողների համար:

Սկարպում մասնագետներն անցնում են վերապատրաստման դասընթացներ և յուրաքանչյուր այցելուի հետ պարապմունքների մեկնարկից առաջ գնահատում հաշմանդամություն ունեցող մարդու կարգավիճակը, որպեսզի կազմեն անհատական ծրագիր:

Ըստ իս, մարզիչների վերապատրաստումից է կախված այցելուի գրանցած ցուցանիշը, քանի որ այդ ցուցանիշը շատ հաճախ առավելապես կախված է այն մթնոլորտից, որն ապահովվում է մարզման ընթացքում: Օրինակ՝ երբ մարզիչը այցելուին վերաբերվում է որպես սահմանափակ կարողությունների տեր մարդու, ֆիքսվում է հաշմանդամության վրա, մեքենայաբար լարվածություն է առաջացնում և հաշմանդամություն ունեցող մարդն իրեն ազատ չի զգում, ինչի հետևանքով չի կարողանում բացահայտել իր կարողությունները:

Վերադառնալով Սկարպին, նշեմ, որ հաշմանդամություն ունեցողների համար մարզասրահը գործում է անվճար: Իրականում սա շատ կարևոր հանգամանք է, որին ես ի սկզբանե չէի անդրադարձել հոդվածը սոցիալական խնդիրներով չծանրաբեռնելու համար, բայց կարծում եմ, պարտադիր է նշել, որ հաշմանդամություն ունեցողներից շատերի համար սպորտով մշտապես զբաղվելն անհրաժետություն է և որոշ խնդիրների դեպքում առանց մարզասարքերի մարզվելը պարզապես անհնար է, իսկ մարզասրահները բացի հարմարեցված չլինելուց, միջին խավի գրպանին հասու չեն:

Թեև Սկարպ ՀԿ մարզասրահը միակն է իր տեսակով մեր իրականությունում, բայց հուսամ, որ իրավիճակը ժամանակի հետ կբարելավվի, նոր մարզասրահներ կառուցելիս հաշմանդամություն չունեցող հիմնադիրները հաշվի կառնեն հաշմանդամություն ունեցող պոտենցիալ այցելուների թվաքանակի աճը և մեզ առողջ ապրելակերպի հնարավորություն տվող մարզասրահները կավելանան:

Մեկնաբանել