Ալիևը ծանոթացել է բելառուսական «Պոլոնեզ»-ներին. ադրբեջանական կայքեր

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր մասնակցել է նոր զորամասի բացմանը, հաղորդում են ադրբեջանական կայքերը։

Մասնավորապես, Turan գործակալության փոխանցմամբ, Ալիևը ծանոթացել է սպառազինությունների նոր տեսակներին, որոնք ստացել է Ադրբեջանը։

Turan-ը ուշադրություն է հրավիրում պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարներին, որոնցում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Ալիևին ցուցադրել են նաև LOng-Range Artillery Missile – LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը՝ իսրայելական Israel Aircraft Industries ընկերության արտադրության։

Նախապատմություն

2017թ․ աշնանը ադրբեջանական և բելառուսական աղբյուրները գրում էին, որ Ադրբեջանը Բելառուսից գնում է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։

Մասնավորապես, հոկտեմբերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել էր Մինսկ, որից հետո համացանցում հայտնվել էին նրա լուսանկարները Բելառուսի պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններից մեկում։ Նկարներից մեկում Հասանովը կանգնած էր «Պոլոնեզի» մոտ։ Ադրբեջանական մամուլը համակարգերի գնումը ներկայացնում էր որպես կայացած փաստ, որպես Հայաստանի կողմից Ռուսաստանից ստացված «Իսկանդեր» համակարգի հակակշիռ։

2018թ․ սկզբին, սակայն, բելառուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի հետ զրույցում ասել էր հետևյալը․ «Մենք ցանկանում էինք «Պոլոնեզ» համակարգեր վաճառել Ադրբեջանին, սակայն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) մեր դաշնակից Հայաստանը դեմ էր դրան»: Նա հավելել էր, որ գործարքը չի կայացել, և «հնարավոր է՝ առաջին գնորդը լինի Ղազախստանը»։

Տե՛ս Հայաստանին հաջողվել է կասեցնել բելառուսա-ադրբեջանական ռազմական գործարքը․ լրատվամիջոցներ

«Սպուտնիկ Արմենիա»-ն, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարարությունից իր աղբյուրները, հաստատել էր փաստը։ Ըստ տեղեկության՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով մատնանշել է, որ Լեռնային Ղարաբաղի «հակամարտության գոտում ուժերի հավասարակշռությանը սպառնացող գործարքներն անընդունելի են»։

Այս տարվա ապրիլին ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթում լույս է տեսել հոդված՝ «Բաքուն ընտրում է «Պոլոնեզ»» վերնագրով։ Հղում անելով իր աղբյուրներին՝ թերթը գրել է, որ այս տարի Բելառուսը մտադիր է սկսել «Պոլոնեզ»-ների արտահանման առաջին գործարքների իրականացումը, որպես հնարավոր պատվիրատու է նշվել Ադրբեջանը։

«Կոմերսանտ»-ի հետ զրույցում Բելառուսի պաշտպանության նախարարությունից հաղորդել են, որ առաջին գործարքը նախատեսում է տասը համալիրների փոխանցում։ Թեև բելառուսական կողմը պատվիրատուի անունը չի բացահայտել, սակայն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերությունից հայտնել են, որ խոսքն Ադրբեջանի մասին է։

Մի շարք փորձագետներ պարբերականի հետ զրույցում կարծիք են հայտնել, որ «Պոլոնեզ»-ները Ադրբեջանի «փոքր-ինչ ուշացած արձագանքն են» Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» համալիրի մատակարարմանը։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել